13:40 , 1 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«2017 թվականի պետական բյուջեի նախագիծը բարդ էր ամբողջությամբ պատրաստելը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի առաջին կեսին Ազգային ժողովն աշխատելու է մի տրամաբանությամբ, այնուհետև այդ տրամաբանությունը փոխվելու է, հետևաբար հնարավոր է որոշակի վերապահումներ կատարվեն»,- ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այս առումով եկող տարվա բյուջեն ոչ ստանդարտ է՝ հաշվի առնելով ոչ միայն ԱԺ ընտրությունները, նաև այն բոլոր փոփոխությունները, որոնք պայմանավորած են Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով: Հ.Թովմասյանն ասաց, որ 2016 թվականի բյուջեի նկատմամբ կա տարբերություն: Երեք ծրագրերից երկուսը նույնությամբ մնացել են. միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները՝ 153 միլիոն դրամ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում՝ 1 միլիոն 265 հազար դրամ:
«Հիմնական փոփոխությունները պայմանավորված են առաջին ծրագրով՝ «ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանում ծրագրով», որտեղ մենք ունենք 390 միլիոն 229 հազար դրամի տարբերություն: Դա պայմանավորված է պատգամավորների թվի հնարավոր կրճատման հանգամանքով»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ բյուջեով պատգամավորների թիվ է ընդունվել 101-ը, սակայն այդ թիվը կարող է մեծանալ կախված այն հանգամանքից, ինչն առկա է Ընտրական օրենսգրքում: Միաժամանակ Հ. Թովմասյանը նշեց, որ ևս երեք տեղ ԸՕ-ով նախատեսում է փոքրամասնության ներկայացուցիչներին. «Առնվազն այս պահին գիտենք, որ լինելու է 104 պատգամավոր, երեք պատգամավորի հաշվարկով պետք է վերահաշվարկ կատարվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ