11:52 , 29 հոկտեմբեր, 2016
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը վստահ է, որ աշխատանքային նամակագրության համար իր կողմից անձնական փոստային սերվերի կիրառման առնչությամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի վերսկսած քննությունը կհաստատի իր անմեղությունը։ Այս մասին դեմոկրատ թեկնածուն հայտարարել է Այովա նահանգում մամլո ասուլիսի ընթացքում՝ փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին հայտնել էր, որ քննիչները հայտնաբերել են նոր էլեկտրոնային նամակներ, որոնք առնչություն ունեն հետաքննությանը։
«Ամերիկացի ժողովուրդն արժանի է անհապաղ ստանալու բոլոր համապարփակ փաստերը»,-ասել է Քլինթոնը։ Նա վստահություն է հայտնել առ այն, որ նոր քննությունը կտանի նույն եզրակացություններին, ինչ նախորդ հետաքննությունը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին մնացել է 11 օր։