Րաֆֆի Հովհաննիսյանի, ավելի շուտ նրա քաղաքական թիմի ֆոնային էյֆորիան և իրականությունը


16:39 , 22 փետրվար, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Հենց սկզբից նշեմ, որ խորին հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան ճանաչում եմ որպես խոհեմ ու հայրենասեր մարդ և բազմաթիվ առիթներ եմ ունեցել դրանում համոզվելու համար: Միանգամից փաստեմ, որ նախագահական ընտրությունների նախաքարոզչության փուլում և պաշտոնական քարոզարշավի առաջին հատվածում նրա կոռեկտ պահվածքը, արևմտյան քաղաքական տեխնոլոգիաների վրա հիմնված բավականին դինամիկ քարոզարշավը ուղղակի աչք էին շոյում, սակայն ինչ-որ փուլից սկսած նրա քաղաքական վարքագիծը դարձավ անկանխատեսելի և ոչ ադեկվատ իր կողմից նախանշված սկզբունքներին և մարտավարական առաջնահերթություններին: Այս տեսանկյունից ամբողջովին հասականալի էին այն գործընթացները, որոնք այսօր ծավալվում են Ազատության հրապարակում, և ոչ միայն: Բայց այս ֆոնային էյֆորիան իրականում շատ խաբուսիկ է, քանի որ չունի առարկայական զարգացման հեռանկարներ: Հրապարակում կան ընդամենը իրականությունից կտրված լոզունգներ, հիպոթետիկ դատողություններ ու կողքից անտեղի հրահրումներ, և եթե այս ամենին ավելացնենք նաև «ճոռոմ» հայտարարությունները, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Ավելի հավանական է, որ այս իրավիճակում Րաֆֆին, ավելի շուտ նրա թիմը կամ, այսպես կոչված, պսևդո համախոհները այդպես էլ չհասկանան պահի լրջությունը (նրանք հարթակի հերոսներն են), սակայն մի քանի շաբաթ հետո հարկադրված լինեն խոստովանել, որ իրենց ձեռքից բաց են թողել նոր քաղաքական մշակույթի արմատավորողը դառնալու պատմական հնարավորությունը: