Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը. Էդվարդ Նալբանդյան


22:05 , 20 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 27 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Նալբանդյանը, ողջունելով Սփյուռքի լրագրողներին Արտաքին գործերի նախարարությունում, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անմիջականորեն տեղեկացնելու առումով:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ցեղասպանության դատապարտման և մարդկության դեմ նոր ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին և այդ համատեքստում՝ սիրիահայերին ցուցաբերվող օժանդակությանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը:

Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ