Մարտին Շահբազյան. «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես


14:44 , 17 հոկտեմբեր, 2016

Մարտին Շահբազյան. «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու եսNewmag.am-ը գրում է.

տեսանկյուն

Ես սիրել եմ լուսանկարչությունը ու մինչև այժմ ապրում եմ դրանով: Աշխատանքը` աշխատանք, բայց լուսանկարիչը նախ պետք է լուսանկարի մարդկային տեսանկյունից: 1988-ին, երբ եղավ երկրաշարժը, անմիջապես մեկնեցինք Սպիտակ, հետո` Գյումրի: Առաջին 4 ժամը չէի կարողանում նկարել. շատ ցավալի էր, արցունքները թափվում էին աչքերիցս, չէի կարողանում ֆոկուս բռնել: Հետո աստիճանաբար համակերպվեցի, արտասվելով սկսեցի նկարել: Նույնիսկ առաջարկում էին՝ օղի խմեմ, որ մի քիչ թուլանամ:

չի կարելի նկարել

Երբ դեռ առաջին նախագահի հետ էի աշխատում, մի օր դժգոհեցի, որ արարողակարգերի ժամանակ անվտանգությունը չի թողնում՝ նորմալ կադրեր անեմ: Նա ինձ հարց տվեց. «Քո մասնագիտությունն ո՞վ է ընտրել: Դու, չէ՞: Ուրեմն քո խնդիրն է: Եթե մի տեղից քշում են, մյուս կողմից պետք է հարմարեցնես, նկարես: Ինչպես ուզում ես, նկարի՛ր»: Հետաքրքիր պատմություններ շատ կան, երբ նախագահները զարմացել են, թե ինչպես եմ հանուն մեկ լուսանկարի ներխուժել արգելված տարածքներ ու լուսանկարել: Ես շատ լրագրողների եմ հանդիպել, որոնք պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեն. նրանք նույնիսկ սիրողական խցիկներով ու հեռախոսներով են խցկվում, նկարում: «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես, որովհետև լուսանկարիչն ինքը պետք է աշխատի ստանալ այն պատկերը, որն իրեն պետք է: Իսկ երբ նախագահի լուսանկարիչ ես, միայն մաքուր, ճիշտ, արարողակարգային կադրեր պետք է անես, պետք է անես այնպիսի նկար, որ քո երկրի նախագահը լավագույնը երևա: Ես նույնիսկ իմ ադրբեջանցի կոլեգաներին եմ ասել՝ հանկարծ չանե՛ք այնպիսի ֆոտոներ, որտեղ ձեր նախագահը լավ կերևա, մերը՝ ոչ: Դու չպետք է հրահրող նկարներ անես:

անկախության ֆոտոլաբոմ

Հատկապես 90-ականներին շատ դժվարություններ են եղել, նույնիսկ ավտոմատ են պահել վրաս: Դժվար, բայց պատմական տարիներ էին: Մինչև Ղարաբաղյան շարժման ծավալվելը Երևանում տեղի էին ունենում բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ: Այն տարիներին էլ, միշտ էլ թույլ չէին տալիս ամեն ինչ լուսանկարել: Բայց տղաները, միտինգավորները ինձ տեղեկացնում էին, ես էլ գնում, նկարում էի: Մի օր ասացին. «Մարտի՛ն, վաղը կգաս Օպերայի հրապարակ, շատ հետաքրքիր բան է լինելու»: Կոմունիստական կուսակցությունը դեռ իշխանության էր: Կենտկոմի քարտուղարը կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»: Ասացի. «ԻՐԵՆՔ»: Ասաց. «Դե՛, լավ, նկարի՛ր»: Հետո ԿաԳեԲե-ն կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»: Կրկին ասացի. «ԻՐԵՆՔ»: Ու այդ ԻՐԵՆՔ-ը բոլորի առջև դարձավ անցաթուղթ, ու սկսեցի նկարել: Անկախության իմ ֆոտոալբոմը մի ամբողջական պատմություն է մեր նորանկախ հանրապետության ու հայ ժողովրդի մասին:

photo1

լուսանկար, որը չի արվել

Կիև էի մեկնում, մտածում էի՝ ապարատս տանե՞մ, թե՞ ոչ: Կինս ասաց. «Ա՛յ մարդ, դե՛, հանգիստ գնա՛, գոնե այս անգամ 3-4 օր հանգստացի՛ր»: Չգիտեմ ինչու լսեցի նրան, չվերցրեցի ֆոտոխցիկս, որը պետք է միշտ մոտդ ունենաս, որովհետև ինչ տեսնում ես, պետք է նկարես: Լավագույն նկարները պատահական են լինում ու երբեք չեն կրկնվում: «Իլ-18»-ով Սևանի վրայով թռանք: Պատուհանից տեսա՝ Սևանը՝ պարզ, Մասիսը՝ վեհ կանգնած. առաջին պլան, մի հրաշալի տեսարան:Հիմա ինձ ուտում եմ. ապարատ չկա մոտս, մտածում եմ. «Ես ի՜նչ արեցի»: Այդքան ճամփորդել եմ օդանավով, ուղղաթիռով, բայց այդ տեսարանն այդպես էլ երբեք չեմ տեսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ