Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ ՓՊ-ն կրկին վարույթ է հարուցել, ու պատճառը կրկին «Կիսաբաց լուսամուտներն» է


12:15 , 15 հոկտեմբեր, 2016


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11. 10. 2016թ. որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ ՝ «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ հաղորդման մասնակցի հասցեին հրապարակայնորեն «արգանդդ չորանա» արտահայտությունն անելու համար:  Հիշեցնենք, որ սա արդեն թվով երկրորդ վարույթն է, որը փաստաբանի նկատմամբ հարուցվում է «Կիսաբաց լուսամուտներ»-ում նրա արտահայտած տեսակետների ու դիրքորոշման պատճառով: Առաջին վարույթը հարուցվել էր այս տարվա փետրվարին, երբ «Դալարիկի Ժուժուն» հաղորդման եթերում Գալիկյանը  էմոցիոնալ էր արտահայտվել  հյուրի հասցեին և քննադատել նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման փաստը: Եվ ահա մի քանի ամիս անց, ու կրկին «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում արված արտահայտության հիման վրա փաստաբան Գարիկ Գալիկյանի  նկատմամբ հարուցվում է  կարգապահական վարույթ, ինչը կրկին վերածվեց հասարակական լայն քննարկման թեմայի: Հարցի շուրջ BlogNews.am-ը խոսել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի գծային պրոդյուսեր Անահիտ Յաղջյանի հետ, ով պարզաբանեց իրավիճակը․ «Նախ ասեմ, որ այս անգամ Գալիկյանի նկատմամբ ՓՊ-ն կարգապահական վարույթ է հարուցել ոչ թե Ժուժուի, ինչպես հասարակության մեջ կարծիք ստեղծվեց, այլ բոլորովին այլ պատմության հիման վրա. " target="_blank">«Խճճված զուգահեռներ» հաղորդման մասին է խոսքը, որի հերոսուհու հանդեպ Գալիկյանը «արգանդդ չորանա» արտահայտությունը թույլ է տվել այն բանից հետո, երբ պարզվեց, որ հերոսուհին ուրացել է իր վեց երեխաներին ու թողել բախտի քմահաճույքին: Պահի ազդեցության տակ փաստաբանի արած  այս արտահայտությունը իսկապես էմոցիոնալ պոռթկում էր, և դա հստակ ու պարզ հասկացվում է, երբ նայում ես եթերը: Հաղորդման հերոսուհին, ում ուղղված է եղել այդ արտահայտությունը, չի բողոքել ու առանձնապես կարևորություն էլ չի տվել այդ արտահայտությանը, իսկ ՓՊ դիմում ներկայացրել է ոմն Նունե անունով մեկը, ում հետ մենք կապ ենք հաստատել ու պարզել, որ այդ կինն անգամ հաղորդումը չի դիտել և ոչ էլ տեղյակ է մանրամասներին: Ո՞վ է դրդել Նունեին բողոք ներկայացնել, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քայլն անողը՝ անհասկանալի է »:

Գարիկ Գալիկյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Հաղորդման շրջանակում ես հանդես եմ գալիս նախ՝ որպես հայ մարդ, և միայն հետո՝ որպես փաստաբան: Այն, որ փաստաբանը ևս մարդ է, ունի էմոցիաներ ու պահի ազդեցության տակ կարող է արտահայտել իր կարծիքը, կարծում եմ, նորմալ է: Բոլորս էլ մարդ ենք՝ մեր զգացմունքային կողմերով հանդերձ, ու երբ ես լսում եմ, որ հայ կինը վեց երեխա է ունեցել, հետո լքել նրանց, մատնել սովի ու տանջանքների, ես չեմ կարող չարտահայտվել: Ո՞րն է փաստաբանների պալատի նպատակը՝ անկեղծ չեմ հասկանում, բայց մի բան կասեմ՝ եթե ՓՊ-ն իմ վարքի մեջ սխալ է տեսնում՝ հենվելով փաստաբանի վարքագծի կանոնակարգին, ապա ես էլ հենվում եմ ՀՀ Սահմանադրության վրա, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի, դիրքորոշում արտահայտելու իրավունք: Կզրկեն ինձ լիցենզիայից, թե ոչ, անկեղծ՝ ինձ չի անհանգստացնում, ու ես չեմ պատրաստվում կեղծ հանդուրժողականություն ցուցաբերել այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը, ապակողմնորոշում են մեր երիտասարդությանն ու դեմ են մեր հասարակության ամենակարևոր արժեքի՝ ընտանիքի ինստիտուտին»:

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի