14:28 , 14 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Վերջին տարիներին բազմաթիվ սիրիահայեր են եկել Հայաստան՝ Սիրիայում թողնելով իրենց հարազատներին, տունը, ունեցվածքը և այն ամենը, ինչ ստեղծել էին տասնամյակների ընթացքում. տիկին Ռիտան նրանցից մեկն է:
Չորս տարի առաջ Հալեպում թողեց մորը, եղբորը, քրոջը, տունը, սեփական խանութը և ամուսնու, երեխայի հետ եկավ Հայաստան: Այսպես որոշեցին, երբ հրթիռները սկսեցին իրենց տների մոտ ընկնել. «Մեր հարևան շենքի վրա հրթիռ ընկավ, մեր տունն ալ վնասեց՝ ապակիները փչացան, տան կահ-կարասին, և հենց այդ ժամանակ ելանք ու եկանք Հայաստան, ու ատկե անմիջապես ետք Հալեպի օդակայանը փակեցին»,- հիշում է Ռիտան:
Հայրենիքում ընտանիքի համար դժվարություններն անխուսափելի են եղել. «Մենք հոն ամեն բան ունեինք` տուն, խանութ, գործարան, ու բոլորը` մեծ տարածքներով, բայց հոս վարձով կապրինք: Այժմ Հալեպում մեր տունը կանգնած է, բայց չենք գիտեր` 5 րոպե ետք ինչ կըլլա: Հոս դժվարությունները շատ են և հիմնականում՝ նյութական»:
Տիկին Ռիտան հիմա միայն Սիրիայում մնացած հարազատների համար է անհանգստանում, ասում է, որ եղբայրը երկու անգամ հազիվ է փրկվել. «Մայրս, քույրս, եղբայրս՝ կնոջը, երեխայի հետ հոն են: Շատ վտանգավոր է, բայց ինչ կրնան ընել, տարբերակ չկա: Եղբայրս ոսկերիչ է, հոս եկավ, քանի մը ամիս մնաց, նայեցավ, փնտրեց, բայց ոչ մեկ տեղ գործ կար, որ գար աշխատեր, կրնար տան վարձքը տալ»:
Մեր զրուցակիցը նաև նշում է՝ հարազատները չեն ուզում Հայաստան գալ, քանի որ գիտեն, որ այստեղ իրենց չեն օգնի. «Ես ալ այսօր կարդացի, թե սփյուռքի նախարարությունը կըսե, որ հայերը չեն ուզեր գալ: Բայց եթե ապահովեն` օդանավեն սկսեալ, հոս գալեն ետքն ալ` ապրելու տեղ-տուն տան` կուգան»: