21:06 , 20 փետրվար, 2013Մեկս երազում է ինքնաթիռ նստել, իսկ մյուսի համար անգամ սարսափելի է դրա մասին մտածելը: Եվ որքան էլ ինքնաթիռները գեղեցիկ լինեն երկնքում, շատերի համար իսկական դժոխք է դրանցով ճամփորդելը:
Ապացուցված է, որ ինքնաթիռ նստող ամեն 3-րդ ուղևորի կյանքն, այսպես ասած, աչքերի առջևով է անցնում, իսկ ընդհանրապես յուրաքանչյուր ուղևոր սթրեսային վիճակում է հայտնվում մինչև վայրէջքը: Ավիաֆոբիան աշխարհի ամենատարածված ֆոբիաներից է, որը հավանաբար առաջացել է ինքնաթիռների հետ:

Ապրիլի 12-ի` Ավիացիայի և տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ էլ որոշեցինք խոսել այն հայտնի մարդկանցից, ովքեր ստիպված են հաճախ լինել «երկնքում»: Մենք փորձեցինք գտնել հայ հայտնիներից նրանց, ովքեր ունեն ավիաֆոբիա: Պարզվեց, որ, թեև նրանց մեջ շատ են նրանք, ովքեր վախենում են թռչելուց, սակայն դա ֆոբիա հաստատ չես անվանի:

Անուշիկ Ալավերդյան
Երգչուհի Անուշիկի համար ինքնաթիռ նստելն ամեն անգամ պատմություն է դառնում: «Հենց ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի, սարսափելի գլխացավ է սկսվում, մինչև իջնելը ճակատս ու աչքերս բռնած եմ անցկացնում: Ինքնաթիռում էլ թռիչքի ընթացքում 10 րոպեն մեկ խաչակնքվում եմ, փորձում եմ զրուցել, շեղվել, բայց ո´չ թալսիման, ո´չ էլ ուրիշ նման բան չունեմ, ինձ հետ նույնիսկ խաչ չեմ վերցնում»,- խոստովանեց Անուշիկը:

Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիթը խոստովանեց, որ մինչև Շանհայում Expo 2010-ին մասնակցելը ինքն էր ինքնաթիռում բոլորին հուսադրում, թե ամեն ինչ լավ է լինելու: «Թռիչքը 9 ժամ տևեց: 5 ժամ օդում մնալուց հետո հայտարարեցին, որ ինքնաթիռում, կարծես թե, օդափոխիչի հետ կապված խնդիր է ծագել: Ինքնաթիռը դղրդում էր, անընդհատ հաղորդում էին, որ բոլորս մեր տեղերում մնանք, կապենք ամրագոտիները: Նույնիսկ հաց չկարողացանք ուտել: Այդ դեպքից հետո դեռ ինքնաթիռ չեմ նստել, բայց հիմա հիշելիս էլ վախենում եմ»,- պատմեց Լիլիթը: Թեև թալիսմաններ ունենալը երգչուհին սնոտիապաշտություն է համարում, բայց երկար ճանապարհ գնալիս իր հետ միշտ փոքրիկ Աստվածունչ է վերցնում:
Գոռ Սուջյան
Գոռի ավիաֆոբիան էլ համեմատաբար նոր է առաջացել: «Մոտ 2 տարի առաջ Մոսկվա էի թռչում, եղանակային շատ վատ պայմաններ էին, ինքնաթիռն անընդհատ դղրդում էր, մի պահ ասես կյանքս աչքիս առաջ եկավ: Բայց դեռ այնպես չի եղել, որ հրաժարվեմ թռչելուց: Միայն, երբ զգում եմ, որ վախենում եմ, «տռաուռնի» երաժշտություն եմ միացնում, ուրիշը չունեմ էլ հեռախոսիս մեջ, մեկ էլ ինքնաթիռ նստելուց առաջ աղոթում եմ»,- նշեց Գոռը:

Սամվել Գրիգորյան
Սամվել Գրիգորյանը միանգամից խոստովանեց, որ վախենում է ինքնաթիռով թռչելուց և դրա համար էլ ունի լուրջ պատճառներ: «Կարծեմ 10 տարի առաջ էր` Ամստերդամ էի թռչում, շատ վտանգավոր դեպք եղավ ինքնաթիռում... Նյու Յորքի դեպքերն էլ նպաստեցին, որ վախենամ թռիչքներից, դրան գումարվեց նաև բարձրությունից վախը: Թռիչքի ժամանակ միայն աղոթում եմ, որովհետև քնել չեմ կարողանում, եթե անգամ քնաբեր եմ խմում»,- պատմեց նա:

Սիլվա Հակոբյան
Սիլվան էլ թեև շատ չի վախենում թռչելուց, բայց երկար ճանապարհ գնալիս միշտ քնաբեր է ընդունում: «Սիլվան ամենաշատը վախեցավ Իրանի թռիչքի ժամանակ, երբ վտանգավոր իրավիճակ ստեղծվեց, բայց կարճ ուղևորությունների ընթացքում շատ չի վախենում: Մենք հիմնականում ընտանիքով ենք ճամփորդում և ամեն անգամ` մինչ ինքնաթիռ նստելը, եկեղեցի ենք գնում»,- հավելեց երգչուհու քույրը` Մանեն:
Արսեն Սաֆարյան
Արսենը նշեց, որ նախկինում նման ֆոբիա չի ունեցել` անգամ շատ երկարատև թռիչքների ժամանակ հանգիստ է եղել: «Առաջ զարմանում էի, երբ տեսնում էի մարդկանց, որ վախեցած, սփրթնած իջնում են ինքնաթիռից, բայց վերջերս ես էլ եմ սկսել խուսափել երկար թռիչքներից, ընդհանրապես աշխատում եմ շատ քիչ թռչել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Թո´ւ, թո´ւ, թու, ինքնաթիռում դեռ վտանգավոր իրավիճակում չեմ հայտնվել, կարծում եմ՝ վախս կապված է ընտանիքիս հանդեպ իմ ունեցած պատասխանատվության հետ: Եթե թռչում էլ եմ, նյարդերս թուլացնելու համար մի քիչ ալկոհոլ եմ օգտագործում»,- ասաց Արսենը:
Ավիաֆոբիա ունեն և ինքնաթիռ գրեթե չեն նստում նաև երգչուհի Շերը, դերասաններ Ադրիանո Չելենտանոն, Վուպի Գոլդբերգը, Էդի Մերֆին և ուրիշներ: Եթե համաշխարհային հռչակ ունեցող աստղերը խոստովանում են այդ մասին, ապա շատ հայ հայտնիների հետ այս թեմայով խոսելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք կա´մ սովորության համաձայն խուսափում են իրենց վախերի մասին բարձրաձայն խոսել, կա´մ էլ ինքնաթիռ այնքան ուշ-ուշ են նստում, որ չեն էլ զգացել` ֆոբիա ունեն, թե ոչ: