Նախագահը, ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկը, նոր քաղաքակիրթ տարր մտցրեց մեր քաղաքական մշակույթի մեջ


16:17 , 20 փետրվար, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Նախագահ Սարգսյանը, ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկը, ըստ էության, ոչ միայն հավատարիմ մնաց իր սկզբունքներին, այլ նաև նոր քաղաքակիրթ տարր մտցրեց մեր քաղաքական մշակույթի մեջ: Որքան ինձ չի դավաճանում հիշողությունը, նման նախադեպ անցյալում (հետընտրական շրջան) չենք ունեցել, և գուցե, սա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հասարակությունը հետընտրական շրջանում միշտ բաժանվել է տարասեռ հատվածների, որոնց միջև եղել են ներքին անտագոնիզմի և ընդգծված անհանդուրժողականության շարունակական դրսևորումներ: Եթե այս հանդիպումը կայանա, ապա անկախ արդյունքներից՝ միարժեք նպաստելու է լարվածության թուլացմանն ու քաղաքակիրթ երկխոսությանը: 
Իսկ բոլոր պսևդո-հեղափոխականներին, ովքեր մեղադրում են Րաֆֆուն նման առաջարկ անելու համար և այն քաղաքական անհեռատեսներին, ովքեր գտնում են, որ Սերժ Սարգսյանը նման հանդիպման պատեհություն բոլորովին չունի, թող գոնե այս փուլում խնայեն մեզ և չհրամցնեն քաղաքական մարտավարության և տեխնոլոգիաների իմացության իրենց բացառիկ «գոհարները»: