Ապրիլ էր, պատերազմ էր…


19:05 , 10 հոկտեմբեր, 2016

Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից՝ տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:
Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:
Անցած օրերի ընթացքում հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ–17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք:

Այս հաղորդագրությունը շատերին ստիպեց նորից խոսել ու հիշել ապրիլյան պատերազմը:
Խոսել ու հիշել՝ չմոռանալով պետությանը մեղադրել, թե մենք զենք չունենք, որ մեր տղաները բահով էին կռվում:
Խոսել ու հիշել, որ փոխարենը մենք հերոսներ ունենք, ովքեր կյանքի գնով այս կռվում էլ հաղթող դուրս եկան…
Ապրիլյան պատերազմից անցել է 7 ամիս: Ուղիղ 7 ամիս առաջ այս օրը մենք, թեպետ սրտի դողով, բայց արդեն խոսում էին հերթական ավարտված պատերազմի մասին, որն իրականում շարունակվում է այսօր՝ մարդկային անմեղ կյանքեր լափելով…
Խոսում էինք ու խոստանում, որ պարտավոր ենք լինել զինվորի կողքին, օգնել նրան յուրաքանչյուր հարցում..
Իսկ գիտե՞նք, որ նրանցից շատերն այսօր զորացրվել ու ապրում են մեր կողքին: Աշխատանք են փնտրում ու չեն գտնում, վերստին հարմարվում քաղաքացիական կյանքի պայմաններին ու բախվում դաժան իրականությանը:
Ո՞ր են կորել մեր՝ սրտեր կեղեքող ու սարեր շուռ տվող խոստումները:
Մնացել են ֆեյսբուքյան պատերին՝ սպասելով կորած-մոլորած մի լայքի…
Սիրում ենք ապրել երևակայական աշխարհում, սիրում ենք հոխորտալ, կուրծք ծեծել ու լռել…
Համոզված եմ, որ ռազմական գործողությունները վերսկսվելու դեպքում շարունակելու ենք նույն ոգով, թե անվտանգ տարբերակ էլ գտնենք՝ Արցախ կմեկնենք, մի քանի սելֆի կանենք, տեղացիների նյարդերը կքայքայենք ու հետ կշտապենք…
Զրուցում եմ արցախցի ընկերներիս հետ, հարցնում եմ, թե ինչ տրամադրություն է ու ձայնի մեջ ժպիտ լսում՝ դուք էտտեղ էլի՞ վախեցել եք…
Ու մինչ մենք այստեղ ապրում ենք վախեցած, արցախցին իր բնականոն կյանքն է ապրում` չմոռանալով ինձ ու քեզ Արցախ հրավիրել՝ թե տեսնելու հազար բան կա, թե երկրի տուժած տնտեսության համար բյուջեին հավելյալ գումարներ են պետք, որ իր հետ կարող է տանել զբոսաշրջիկը:
Արցախի համն ու հոտն առնելու համար պետք չէ շատ հեռուն գնալ: Այն կարող ես զգալ քաղաքի կենտրոնական շուկա մտնելիս:
Տարատեսակ պահածոներ, մրգերի տեսականի, հազար ու մի խոտաբույս և, իհարկե, ժենգյալով հաց, որը մեկ անգամ համտեսնողն էլի է գնում ու շտապում ճշտել պատրաստման եղանակը:
«Տեղում թխվող հացի գաղտնիքը խոտաբույսերն են, որ յուրաքանչյուր եղանակի թարմացվում ու նոր համ ու բույր են հաղորդում»,- նշում են կանայք ու հավելում՝ այս հացը մեզ պահեց 90-ականներին, մեզ պահեց պատերազմի տարիներին…
Կծում եմ հացը, կուլ տալիս ձիթայուղի մեջ թաթախված կտորն ու լուռ հեռանում՝ պատերազմի խոսքն ու շունչը պետք է հեռու պահել, պետք չէ տեղի-անտեղի ցավոտ թեման շահարկել ու ապրել վախի մթնոլորտում: