ԿԸՀ դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը ավարտվել է. ստացվել է 51 դիմում
12:31 , 20 փետրվար, 2013

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի եւ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 51 դիմում են ստացել, որոնք վերաբերում են 57 տեղամասերի: Այս մասին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:Նա նշեց, որ 47 դիմում ստացվել է տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ 4 դիմում վերաբերում էին 10 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկին: Դրանցից 2-ը ներկայացված են Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկը` Սերժ Սարգսյանի վստահված անձի, մեկը` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի: Հերմինե Հարությունյանը նշեց, որ բոլոր դիմումները վերաբերում են Երեւանի թիվ 2, 3, 5 ընտրատարածքային ընտրական տեղամասերին:Ի դեպ, երեկ ժամը 15.00-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը: Վերահաշվարկի վերաբերյալ դիմում-բողոքները համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները կքննարկեն այսօր, իսկ մնացածները կքննարկեն մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` փետրվարի 25-ը:Աղբյուրը՝ News.am