Լրանում է Արցախյան ազատագրական շարժման 25 տարին


09:30 , 20 փետրվար, 2013

25 երկար ու ձիգ տարիներ, որոնք համազգային պայքարի ու ազատամարտի փայլուն տարեգրություն են լինելու ու մեր ժողովրդի հերոսական պատմության տխուր էջերին այլեւս տեղ չեն թողնելու:

Վերածնվեց հայկական պետականությունը: Պետությունների ու պետականությունների համաշխարհային այս շքերթի կողքին վեր հառնեց մեկի փոխարեն երկու դրոշով ու երկու զինանշանով եւ այդ համազգային սրբությունների անփոխարինելի երախավոր Հայոց հաղթական բանակով:

Արցախյան շարժման ակունքները մաքրամաքուր էին մեր ժողովրդի երազների պես, եւ միամտաբար կարծում էինք, թե ժողովրդական հոծ զանգվածների «Հա-յաս-տան», «Ղա-րա-բաղ», «Մի-ա-ցում» վանկարկումներով հասնելու ենք նրան, ինչ ունենք այսօր: Հայոց երկնակամարում կախվեց պատերազմը, մեզ պարտադրված ու մեր քաջորդիների կողմից հերոսաբար ընդունված, այնուհետեւ պատվով հաղթանակած պատերազմը, որի միակ իմաստը առ այսօր ազատությունն ու խաղաղությունն է:

Վստահ եմ, որ այս 25 տարիները մեզ, որպես ազգ ու որպես ինքնիշխան պետություն, շատ բան սովորեցրին: Համոզվեցինք, թե ինչ է նշանակում աշխարհասփյուռ հայության համար իրական միասնությունը համազգային խնդիրներում, տեսանք թե ինչն են աշխարհում հարգում ու հաշվի առնում իրական քաղաքականության միջազգային խաչմերուկներում, հասկացանք, թե իրականում ինչ արժեն անկախությունն ու պետությունը, որի համար սերունդների ջանքեր, անտակ համբերատարություն ու անհատների նվիրում է պահանջվում, գիտակցեցինք դասագրքային ու իրական հայրենասիրության միջեւ առկա ահռելի տարբերությունը, տեսանք, թե որքան վտանգավոր կարող են լինել օտարին ծառայող սեփական քաղաքացիները, գիտցանք, թե ինչպես զանազանել ներկրվող դատարկ «արժեքներն» ու ազգային մաքուր ինքնությունը, մաքրեցինք մեզ մեր շրջապատող թշնամուց, եւ էլի շատ ու շատ կարեւոր բաներ:

Իսկ ամենակարեւորը, որ աշխարհում մեզ գիտեն ու հարգում են, որովհետեւ մենք այդ նույն աշխարհի սահմանած կանոններով ու եթե անհրաժեշտ է նաեւ ուժի դիրքերով արտահայտված պահանջ ու ասելիք ունենք՝ Լեռնային Ղարաբաղի ազատ ու անկախ Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում: Եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում մենք մեր համազգային շարժումը հասցնելու ենք իր բաղձալի վերջնարդյունքին:

Քիչ առաջ զբոսնում էին ազատ ու խաղաղ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակով: Քաղաք, որի պատմության վերջին 25 տարիները անուղղակի մասնակիցն են եղել ու կերտել են հայոց նորագույն պատմության հաղթական ուղին:

Քեզ հաղթանակների անվերջ շքերթ եմ մաղթում, իմ սիրելի ժողովուրդ: Շնորհավոր զարթոնքդ ու վերածնունդդ: Ուր էլ լինես, թող Աստված պահապան լինի քեզ քո արդար ու անկոտրում պայքարում: