Օլիգարխներ, տեսաք` ձեր սխալների պատճառով Րաֆֆին ինչքան ձայն հավաքեց


09:04 , 20 փետրվար, 2013

Չգիտես, թե ինչու ես, այնումենայնիվ, հակված եմ այն մտքին, որ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չլիներ այդ ցուցակում, այդքան ձայն հավաքելու էր կա՛մ Հրանտ Բագրատյանը, կա՛մ Պարույր Հայրիկյանը, իսկ, եթե նրանք էլ չլինեին, ապա մնացածից որևէ մեկը` անգամ Անդրիաս Ղուկասյանը: Ըստ իս՝ սրանք Րաֆֆու ձայները չէին, սրանք ընդամենը բողոքի ձայներն էին ամենաթողությանը, անպատժելիությանը, կաշառակերությանը, կոռուպցիային, անորոշությանը, համատարած արտագաղթին: Մարդիկ եղածի միջից «արհեստականորեն» ստեղծեցին իրենց հերոսին, և դա նորմալ երևույթ է, քանզի նա կարողացավ ապացուցել, որ ինքը պատրաստ է այդ «հերոսի դերը ստանձնելու»: Բոլորից լավ դա հասկանում էր ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նա դեռ սեպտեմբերին իր պատմական «ատկատների» պատմությունով փորձում էր հասկացնել, որ` կառավարության անդամներ, սթափվեք, ամեն ինչ այդքան լավ չէ, ինչքան ձեզ է թվում: Սակայն արձագանք կառավարության կողմից չեղավ` սովորական մարդկանցից շատերը հասկացան, որ, եթե ատկատչիները հիմա չեն պատժվում, ապա որտե՞ղ է այն երաշխիքը, որ նրանք կպատժվեն «Ապահով Հայաստանում»: Որտե՞ղ է այն երաշխիքը, որ մենաշնորհը չի սպանելու վերջնականապես բոլոր ոլորտները, որտե՞ղ է այն երաշխիքը, որ իշխանության ստրուկտուրաներում կայացածները պետք է մտածեն՝ ինչպես անել, որ անապահովները ոտքի կանգնեն…