14:12 , 7 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day): Օրն առաջին անգամ նշվել է 1999թ.: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Այսպիսի հրաշալի օր ունենալու համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին նա ապրում էր Միացյալ Նահանգներում: 1963 թ. նկարչին դիմեցին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ «սմայլիկը»: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը: Այնուհետև դրանք հաշվում էին միլիոններով:
Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն չի ստեղծվել այդքան հեշտ և չի բերել այնքան ուրախություն, որքան իր ժպիտը: Հարվի Բիլը վստահ էր, որ հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։ Տոնի նշանաբանն է. «Լավություն արա, օգնիր ինչ–որ մեկին ժպտալ…»։