Խնդրում եմ և պահանջում` չհիասթափեցնեք մարդկանց, ովքեր գալու են Ձեր հետևից


22:30 , 19 փետրվար, 2013

Վերանայելով երեկվա օրը...
Խոստացել եմ շատերին, որ կկիսվեմ երեկվա ընտրական տպավորություններով: Անկեղծ չգիտեմ ինչից սկսել՝ անսահման հիսաթափությունից ու անզորության զգացողությունի՞ց, թե՞ հպարտությունից. երբեք ոչինչ էսքան հակասական ազդեցություն չէր թողել ինձ վրա: 
Արտաշատի 17/5-ի մասին էնքան բաներ են ասվել արդեն, որ երևի բոլորդ էլ գիտեք, թե ինչքան են լցոնել, 17/7-ում ընտրացուցակ են գողացել, ավելի ուշ վերադարձրել, 17/2-ի հաշվարկի ժամանակ արդեն խայտառակ խախտումներն ու բռնի ուժի գործադրումը նկարագրելու էլ չեն…և այսպես շարունակ, անվերջ կարող եմ թվել... Ու ասենք ես այս ամենին այլ անուն չեմ կարող տալ, քան լկտիություն: Անկեղծ եմ ասում՝ միշտ գիտակցել եմ, որ խախտումներ լինում են, որ ամեն ինչ հեռու է կատարյալ լինելուց, բայց որ միջազգային ու տեղական դիտորդները, լրագրողները կանգնած, թաղային այսպես կոչված չկայացած հեղինակությունները 20-30 հոգով կարող են մտնել ներս, մարդկանց ձեռքերը ոլորել, հանձնաժողովի քարտուղարի աչքի առաջ ու օգնությամբ քվեատուփը պոկելով կնիքը բացել ու լցնել 400-500 քվեաթերթիկ, սա արդեն ոչ մի կերպ գլխումս չի տեղավորվում: Ու զարմանում եմ ոչ թե նրա վրա, որ նման բան է եղել, այլ նրանից, որ այդ դեպքը անհետևանք անցնելու է, ու այդ տեղամասի արդյունքները վավեր են ճանաչվելու նույնիսկ այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը չեն հերքում այդ փաստը: Գիտեի, որ ԵԱՀԿ դիտորդները խուլ ու կույր են, բայց որ պարոն Մուկուչյանն ու ողջ կենտրոնական ընտրականն էլ նույն սինդրոմները ունեին, նորություն էր: 
Հիասթափությունից ավելի ահավորը անզորության զգացումն է, երբ տեսնում, գոռում ես, բայց քեզ ոչ ոք չի լսում...ու քո քայլերը, ինչքան էլ կիսվես մեջտեղից, բավական չեն լուրջ ինչ-որ բան փոխելու համար… ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ՀԱՆԱՊԱՏԻ! 
Իսկ հպարտ եմ նրա համար, որ նույնիսկ այն գիտակցմամբ, որ քո քայլերը մի կաթիլ են մեծ օվկիանոսում, ամեն դեպքում բոլոր-բոլոր մարդիկ պայքարում էին: Դուք պարզապես երևակայել չեք կարող, թե դիտորդները, լրագրողները, վստահված անձինք ինչպես էին պայքարում Րաֆֆու ամեն մի ձայնի համար ու կապ չունի՝ նրանք րաֆֆիական էին, թե ոչ: Նույնիսկ տեղամաս կար, որտեղ Րաֆֆու վստահված անձը ծախված էր, բայց բոլոր դիտորդները մի մարդու պես ատամներով պահում էին յուրաքանչյուր քվեն: Ամսի 18-ին, 1996 թվականից հետո, առաջին անգամ ինչ-որ հարցի շուրջ մեր ժողովուրդը համախմբվեց, նույնիսկ 2008-ին այսքան միասնական չէին: Գրեթե բոլոր այն տեղամասերում, որտեղ խախտումներ չէին եղել, Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակ հաղթանակ է տարել: Ու հպարտանում եմ, որ ժողովուրդը վերջապես հասկացել է, որ ինքը կարող է ինչ-որ բան որոշել, որ ամեն ինչ իզուր չէ, ու իրոք, մարդիկ ապացուցեցին, որ հնարավոոր էր… Դա էին ապացուցում Սերժ Սարգսյանի վստահված անձանց սփրթնած ու ահաբեկբած դեմքերը ամեն անգամ, երբ քվեատուփից դուրս էր գալիս Րաֆֆի Հովհաննիսյան անունը: Մենք կոտրեցինք իշխանությունների այն կարծրատիպը, որ ՀՀ քաղաքացին այս երկրում ոչ ոք է: Ես հպարտանում եմ այս ամենով: Հպարտանում եմ գյումրեցիներով ու նրանց թասիբով, որ թույլ չտվեցին «ինչքան ուզեն խփեն», զարմանում եմ սյունեցիների ըմբոստությամբ, որ կարողացան չենթարկվել «ամենակարող Լիցկային»… Չգիտեմ, շատ ուրախ եմ այս ամենի համար, բայց նաև մտահոգվում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեր չի կանգնի այս մարդկանց հավատին: Ըստ երևույթին, նա ինքն էլ չէր սպասում, որ այսպես կլինի, այդ տպավորությունը ստացա այսօրվա ասուլիս-հանրահավաքից: Շատ թույլ ու խեղճ պահեց իրեն, ինքը չի հավատում իր հաղթանակին: Ու եթե էսպես շարունակի ու իրեն բնորոշ լղոզված ու անհասկանալի կերպով պահի իրեն, մեզ ևս մեկ մեեեեծ հիասթափություն է սպասվում: Ամենաստոր բանը կլինի ձեր կողմից, պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, եթե չուղղորդեք ու չառաջնորդեք այս շարժումը: Ես ձեզ չեմ ընտրել, ես չեմ համակրել նույնիսկ ձեր կուսակցությանը, բայց ես նաև չեմ ընտրել ներկա իշխանություններին, ու հետևապես ես ու ժողովուրդը արժանի չենք այս իշխանությանը: Ես՝ ոչ, բայց իմ ընկերները, ծանոթները, բարեկամները իմ երկրի քաղաքացիները՝ իմ ազգը, ձեզ է ընտրել: Ես վստահում եմ նրանց ընտրությանը ու հանուն արդարության զորակցում եմ ձեզ: Ես վաղն էլ կլինեմ Ազատության հրապարակում: Պարզապես խնդրում ու պահանջում եմ՝ չհիասթափեցնեք մարդկանց, ովքեր լիահույս գալու են ձեր ետևից!!!!!!