Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին. հետաքրքիր է` կկարողանա՞ առանց կմկմալու կարդալ...


18:50 , 19 փետրվար, 2013

Գեներալ-լեյտենանտ, իրականում՝ Վաղարշապատի բդեշխ ու տանուտեր Գրիգորյան Մանվելն էսպիսի շնորհավորանք է հղել Սերժ Սարգսյանին... Հետաքրքիր է, եթե էդ գրված տեքստը տան էդ պատգանավոր-գեներալ-օլիգարխի ձեռքը, կկարողանա՞ առանց կմկմալու կարդալ...

«Երկրապահ կամավորական միության, Հանրապետության բոլոր երկրապահ ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի ու երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Երկրապահ կամավորականների միությունը Ձեր հաղթանակը համարում է իր եւ հայ ժողովրդի հաղթանակը ու պատրաստ է այսուհետ էլ իր բոլոր ուժերը ներդնել երկրի զարգացմանն ու հզորացմանն ուղղված` Ձեր ծրագրերը իրականություն դարձնելու գործում:

Մեծարգո նախագահ

Այսօր Դուք նորից արժանացել եք Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայության վստահությանը, եւ Ձեզանից է կախված Արցախի անկախության միջազգային ճանաչումն ու հայ ժողովրդի անվտանգության ապահովումը: Երկրապահների համար Արցախը Հայաստան է, Հայաստանը Արցախ է, Երեւանը պաշտպանվում է Հադրութից, Մարտակերտը պաշտպանվում է Էջմիածնից, Տավուշը պաշտպանվում է Մատաղիսից, եւ մենք հավատացած ենք, որ Դուք՝ որպես ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած մարդ, շարունակելու եք երկրապահության պայքարը հանուն հայ ժողովրդի վերջնական հաղթանակների:

Երկրապահը, գիտակցորեն գնալով ընտրությունների, իր մարտական ընկերոջը` Ձեզ ընտրել է Հայաստանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար՝ հավատալով, որ միասին կկառուցենք ապահով Հայաստան, որտեղ բարեկեցիկ կյանքով կապրեն մեր սերունդները»: