Դե յուրե հաղթել է իշխանությունը, դե ֆակտո՝ ժողովուրդը


14:04 , 19 փետրվար, 2013

Տեղի են ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ... Դե յուրե՝ հաղթել է իշխանությունը, դե ֆակտո՝ ժողովուրդը: Եվ սա է կարևորը: Հայաստանում շատ բան փոխվեց փետրվարի 18-ին, հայաստանցիներից շատերը հասկացան, որ անհրաժեշտ է տեր կանգնել սեփական ձայնին ու սեփական երկրին, նրա ճակատագրին: Իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այս ընտրությունները որակապես տարբերվում էին նախորդներից: Այո՛, տարբերվում էին: Հայաստանում արթնացման շունչը եկավ, Հայաստանում գրանցվեց մի նոր իրավիճակ: Սա նաև հուշում էր ապագա ընտրություններին... Եթե այսօր ժողովրդի մի զգալի մասը կարողացավ արտահայտել իր ազատ կամքը, ապա գալիք ընտրություններում այլևս ամեն ինչ այլ կերպ կլինի: Կլինի որակապես նոր Հայաստան: Ես հպարտ եմ, որ ունենք հրաշալի համաքաղաքացիներ, որ ունենք մի նոր Հայաստան... Իշխանություններին միայն մի մարտահրավեր եմ նետում. Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած կես միլիոնից ավելի ձայները, անվավեր ճանաչված քվեաթերթիկները ահեղ զգուշացում են ձեզ, բոլորիս... Հիշեցի Մովսես Գորգիսյանին, վաղվա Հայաստանի նրա տեսլականը... Մովսես, գալիս է այդ վաղն արդեն այսօրվա մեջ... Ուրեմն, բոլորով մեծ ճանապարհ ենք անցնելու: ԲՈԼՈՐՈՎ... Առանց սահմանաբաժանումների, առանց տարազատումների: Ասել եմ ու կասեմ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ, իշխանությունները փոխվում են, իսկ ժողովուրդն ու երկիրը մնում են: Երանի՜ այն իշխանություններին, որոնք կգործեն հանուն երկրի ու հանուն մնայուն ու անսասան ժողովրդի...
ՈՂՋ ԼԻՆԵՍ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ...