13:38 , 19 փետրվար, 2013
Իտալական կոշիկ արտադրող ֆիրման, ցանկանալով ընդլայնել իր արտադրանքի իրացման շուկան, հրավիրում է մարկետոլոգների և ներկայացնելով շուկայի ընդլայնման վերաբերյալ իր նպատակը՝ տեղեկացնում է, որ շուկան պետք է լինի Աֆրիկայում: Աֆրկա մեկնած երկու մարկետոլոգներից մեկը որոշ ժամանակ անց կապվում է ղեկավարության հետ և ներկայացնում իր ուսումնասիրության արդյունքները, այն է` «Այստեղ մենք չենք կարող շուկա ունենալ, քանի որ այստեղ ոչ մեկ կոշիկ չի հագնում»: Որոշ ժամանակ անց ղեկավարության հետ կապվում է մյուս մարկետոլոգը և ներկայացնում է իր դիտարկման արդյունքները. «Այստեղ մենք կարող ենք ունենալ հիանալի շուկա, քանի որ ոչ մեկ կոշիկ չի հագնում»:
Այս երևույթը եթե պրոյեկտում ենք մեր իրականություն ու նախագահական ընտրությունների վերաբերյալ արտահայտած կարծիքների վրա, ապա ունենում ենք մոտավորապես նմանատիպ պատկեր:
Նախագահական ընտրությունները որպես քաղաքական գործընթաց համարվում են կայացած, քանի որ երեկ տեղի ունեցավ համապետական քվեարկություն 60% մասնակցության ցուցանիշով: Փաստը, որ ընտրությունները տեղի են ունեցել, ոչ ոք չի ժխտում և չի էլ կարող հերքել, ինչպես նաև ընտրությունների ընթացքում լրատվամիջոցներով տարածված խախտումների ու Ոստիկանության և Դատախազության կողմից դրանց արձագանքման վերաբերյալ իրադրությունը: Այնուամենայնիվ, ընտրությունները որպես այդպիսին տեղի ունեցան: Եվ այդ կայացած փաստի առնչությամբ հնչում են տարատեսակ մեկնաբանություններ, տեսակետներ, մոտեցումներ: Բայց եթե փորձում ենք խմբավորել դրանք, ապա բաժանվում են դրական և բացասական ֆոնայնության խմբերի: Այսպես` շատ է խոսվում, թե ընտրությունները որպես այդպիսին միջոցառում էին, սա ընտրություն չէր, դա չի կարող կոչվել ընտրություն, Հայաստանում ընտրություններ չկան և այլն, և այլն… Սակայն նաև հանդիպում ենք հակառակ մոտեցումների. ընտրությունները կայացած էին, այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ արձանագրեցին, եվրոպական ստանդարտներին համապատասխանում էին, մրցակցային էին և այլն, և այլն…
Զուտ մոտեցումների տեսանկյունից շատ հետաքրքիր է փաստի առնչությամբ մեկնաբանությունների ու մոտեցումների տարբերությունների հիմնավորվածությունը: Քաղաքական գործընթացները մեկնաբանություններից ու դիտարկումներից չեն դադարում լինել փաստարկված: Ինչ-որ չափով նաև պետք է ընդունել այն փաստը, որ այդ նույն ընտրությունները որպես իրադարձություն և որպես որոշիչ քաղաքական գործընթաց արժևորողն էլ ենք մենք, արժեզրկողն էլ: