05:01 , 19 փետրվար, 2013Հայաստանի Հանրապետությունն այսօր վեցերորդ անգամ նախագահ է ընտրում։ Մեր քաղաքացիներից շատերը կկատարեն իրենց պարտքը, մի մասն էլ, ընտրություններին թերահավատորեն մոտենալով, չի մասնակցի քվեարկությանը:
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այս հարցին հայտնի մարդիկ: Օրինակ, հոլիվուդյան շատ աստղեր ոչ միայն մասնակցում են ընտրություններին, այլև բացահայտ սատարում են այս կամ այն քաղաքական գործչին:
Այսօր փորձել ենք պարզել, թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ովքե՞ր են այցելելու ընտրատեղամասեր: Այս թեմայով զրուցեցինք մի քանի հայ հայտնիների հետ, որոնց մեկնաբանություններն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
ArmStar.am-ի հետ զրույցում հմայիչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց. «Այո, որպես Հայաստանի քաղաքացի ես միշտ էլ մասնակցում եմ ընտրություններին. դա համարում եմ իմ քաղաքացիական պարտքը»: 
Սիրված դերասան և շոումեն Հովհաննես Ազոյանը նշեց, որ մասնակցել է նախորդ ընտրություններին, և այս տարի ևս բացառություն չի լինի իր համար:
Դերասան, երգիչ և երգահան Ռիչարդ Մադլենյանն ասաց. «Ո՛չ, չեմ մասնակցելու և, ցավոք սրտի, երբեք էլ չեմ մասնակցել ընտրություններին»: Մեր այն հարցին, թե ինչու՞, Ռիչարդը պատասխանեց. «Դուք ինձնից լավ գիտեք…»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և իր ընկերերին տեղեկացրել, որ պատրաստվում է մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին. «Ես գնացի ընտրություններին մասնակցելու: Իսկ դո՞ւք»:
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ArmStar.am-ին անկեղծորեն պատասխանեց, որ ամեն անգամ գնացել է ընտրության և կատարել իր պարտքը: Նաև նշեց, որ չնայած այս տարի չկա այն թեկնածուն, ում առանց մտածելու կարող էր իր ձայնը տալ, բայց, ամեն դեպքում, այս տարի ևս մասնակցելու է ընտրություններին:
Ընտրություններին դրական է տրամադրված «Armenoids» խմբի Էդգարը: ArmStar.am-ին Էդգարն ասաց. «Սիրով մասնակցելու եմ ընտրություններին: Որպես ՀՀ քաղաքացի իմ պարտքն եմ համարում օգտվել Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից և քվեարկել նախագահի թեկնածուներից մեկի օգտին: Իսկ եթե լուրջ, ես վաղուց ընտրել եմ իմ նախագահին` իմ ձայնը տալով իմ սիրելի կնոջը: Այնպես որ ինձ համար Հայաստանը սկսվում է իմ ընտանիքից, իսկ իմ ընտանիքում նախագահը վաղուց արդեն ընտրված է»,-կես կատակ, կես լուրջ նշեց երգիչը:
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ևս մասնակցելու է ընտրություններին, քանի որ նա կարծում է, որ դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:
Հետաքրքիր կարծիք հայտնեց նաև Դար 21 հեռուստատեսության ամենաոճային հաղորդավարուհիներից մեկը` Մարինան. «Այո՛, մասնակցելու եմ ընտրություններին, քանի որ կարծում եմ` դա ցանկացած երկրի քաղաքացու պարտքն է, ոչ թե պետության, որովհետև ժողովուրդն ունենում է այն, ինչ ընտրում է: Մենք չենք օգտվում մեր իրավունքներից, իսկ հետո խոսում ենք այլոց պարտականություններից»,-իր խոսքն այսպես եզրափակեց հաղորդավարուհին:
ArmStar.am-ի ողջ անձնակազմը նույնպես ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահական ընտրություններին: