Գայանյան օրիորդաց դպրոցի երգչախումբը՝ Պողոս-Պետրոս եկեղեցում


01:00 , 1 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք մի ուշագրավ հայտարարություն՝ տպագրված 20-րդ դարասկզբին երևանյան թերթերից մեկում՝ Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցի երգչախմբի՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում ելույթներ ունենալու վերաբերյալ. «Ս.Պօղոս-Պետրոս եկեղեցու հոգաբարձութիւնը. այսու պատիւ ունի յայտնելու ի գիտութիւն Երևանի հայ հասարակութեան, որ ամսոյս 5-ից ամենայն կիւրակէ և մեծ տօներին, Ս.Պօղոս-Պետրոս եկեղեցում երգում է Ս.Գայիանեան օր. դպրոցի աշակերտուհիների եռաձայն խումբը»:

Նկարում Երևանի հնագույն Պողոս-Պետրոս եկեղեցին է, որը քանդվեց 1931-ին, և նրա տեղը կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Գայանյան օրիորդաց դպրոցը հիմնվել էր 1866-ին էջմիածնի Սինոդի հրամանագրով, առաջադեմ հայ մտավորականների նախաձեռնությամբ: Նպատակն էր հայ աղջիկներին տալ տարրական կրթություն: Սկզբում երկդասյան էր, հետագայում դարձավ միջնակարգ՝ 9 դասարանով, գործեց մինչև 1921-ը: