23:56 , 18 փետրվար, 2013

Նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ ընտրությունների արդյունքերի ամփոփումը կմնա ՀՀԿ կենտրոնական շտաբում: Նրա եւ մյուս ՀՀԿ-ականների տրամադրությունը շատ բարձր է: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, ՀՀԿ կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ դա պայմանավորված է նրանով, որ կարողացել են շատ որակյալ ընտրություններ կազմակերպել:
Նրա խոսքով` ինքը Սերժ Սարգսյանի հետ չի խոսել ընտրությունների ընթացքի մասին: «Բայց, թե´ exit poll-ի տվյալները, թե´ դիտորդների գնահատականները խոսում են մի փաստի մասին, որ հայ հասարկությունն իշխանությունների վստահությամբ կարողացավ ի հեճուկս շատ մարդկանց, ովքեր խոսում էին ազատ, արդար ընտրությունների անցկացման ոչ իրատեսության մասին, այսօր արդեն ոչ մեկը չի խոսում, որ Հայաստանում այս ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել:
Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ իրենք իրենց առջեւ դրված խնդիրը լուծել են: «Հայաստանում այլեւես անշրջելի փաստ է ժողովրդավարության զարգացումը, եւ ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը արդեն իրականություն է: Եվ exit poll-ի տվյալները եւ նաեւ մեր տվյալները խոսում են այն մասին, որ մեր թեկնածուն ֆավորիտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ակտիվի հետ կենտրոնական շտաբում հետեւում են ընտրություններին, լրահոսին:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները Ֆեյսբուքում ահազանգում են, որ կեղծիքներ, ընտրակաշառքներ կան, նա արձագանքեց. «Տվյալնե՞ր, թե՞ բամբասանքներ: Տվյալները փաստերն են: Ցանկացած կեղծիք պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Ես չգիտեմ, թե Ֆեյսբուքում ով ինչ է ներկայացնում: Ես հետեւում եմ ԿԸՀ-ի տվյալներին: Իսկ Ֆեյսբուքում պարոն Հովհաննիսյանի կողմնակիցները ցանկություն են ներկայացնում, թե իրականություն, դա արդեն կերեւա վաղը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Աղբյուրը՝ news.am