17:48 , 28 սեպտեմբեր, 2016
Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական խնդիրներով ու մկանների ջղաձգումներով:
Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջրավոր անասուններ):
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելին:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի հետևանքով)։
Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում թթուների ազդեցությունից և արագ ոչնչանում մինչև 560C ջերմության պայմաններում։ Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է հատկապես թափառող, անհայտ և վայրի կենդանիների կծելու, ճանկռելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: