18:29 , 18 փետրվար, 2013Սարդերը մեզ հանգիստ չէին տալիս. որ կողմ նայում ես` սարդերն են թագավորում: Մեր փոքրիկ տանը մեզ այլևս ապրելու տեղ չէր մնում, քանզի անիծյալներն ամենուր էին:
Տունը, որտեղ մենք բնակվում էինք, չափազանց փոքր էր և անհարմար: Երկու մահճակալ հազիվ էինք տեղավորել ու մի հեռուստացույց` ձանձրալի երեկոյի տաղտուկը ցրելու համար:
Եթե որոշակի ժամանակ առաջ ինձ հնարավորություն տային իմ կարծիքն ասել սարդերի մասին, ապա այնպիսի հատկանիշներով կբնութագրեի այդ խեղճ արարածներին, որ լսողը կմտածեր, թե խոսքը ինչ-որ արերևույթ հրեշների մասին է, բայց հոգեորս հրեշներն ավելի սարսափելի են:
Նրանք մեր տան անդամներն էին. մեր ուտելիքից էին ուտում, մեր տանն էին քնում:
Տանը իրերը տեղավորելու օրերին ջանք ու եռանդ չէինք խնայում գարշելիներից ազատվելու համար. ժամերով մանրակրկտորեն սարդոստայններն էինք մաքրում, նրանցից շատերին սպանում էինք, բայց «սարդ» տեսակին ոչնչացնելը մարդկությանը տրված չէ:
Անցան օրեր, գուցե ամիսներ, և մենք ընդունեցինք ձեր տեսակն ու ներկայությունը, նահանջեցինք` ձեր ցեղի կայծակնային բազմացման դեմ պայքարելու անկարողությունից, ձեր վաղեմի տոհմի դեմ տածած ատելությունն ու ձեզ վերացնելու անհագ և կրքոտ ցանկությունը խեղդեցինք մեր մեջ:
Այս իշխող համակարգը ձերն էր, որի իրականացման համար մեր տունն էիք ընտրել, մենք էլ` անկախ մեր` ձեր համակարգի անդամը դառնալու ցանկությանը, ձեր առաջադրանքների կատարողներն ու հենց ձեր թիրախի զոհերն էինք:
Ապրում էինք, սովորում, իսկ այդ ընթացքում դուք ձեր ոստայնն էիք հյուսում, բայց սա սովորական ոստայն չէր: Ոստայնը հրեշավոր ծրագրի գլխավոր թակարդն էր, իսկ մենք` մարդիկ, ձեր ոստայնի համար ճանճեր ու մժեղներ էինք, իսկ «սարդ» տեսակի հիմնական նպատակը «մարդ» տեսակին իր ոստայնը գցելն է:
Դուք մեր տունն էիք տնօրինում, իսկ այսօր մեր հոգիներն են ձեր ձեռքին, իսկ հոգուն տրված առաջադրանքը մարմինը չի կարող չկատարել:
Մենք` մարդիկ, սկսեցինք սիրել ձեզ, քանզի ձեր ոստայնի մեջ ջերմություն կար, փող, հարստություն, փառք և հռչակ, բայց սրա դիմաց փոխհատուցում էր ձեզ պետք` մեր հոգիներն ու բանականությունը:
Մեծ բան չենք կորցրել, այսօր մեզանից շատերն են առանց հոգու ապրում, մենք էլ բացառություն չենք լինի, որ չսպանվենք, որ համակարգին կուլ չգնանք:
Ապրում ենք ոստայնում` անհոգ, ուրախ, փողերի կույտերի մեջ, ուրիշներին էլ ենք ներքաշում. շուտով ամբողջ մարդկությունը ոստայնում կապրի` անհոգ և երջանիկ, և հոգիների բացակայությունն էլ չի խանգարի:
Մեր տունը «Երկիր» անունն էր կրում: