Ինչպես միշտ կա երկու Հայաստան` վիրտուալ եւ իրական


16:04 , 18 փետրվար, 2013

Եթե ներկայացնենք ընտրությունների այս պահի էպիկրիզն, ապա.
ա)Գործընթացն ընթանում է առանց ցնցումների.... եթե հաշվի չառնենք քվերաթերթիկը կերած երիտասարդին, որը հանգամանալից պատրաստվել էր կերման այդ ռիտուալին. նրա մտքերը, իրեն ուղղված հարցերը.... ինչեւէ, իրեն բարի ախորժակ մաղթենք` մարսելում ու անցնենք առաջ:
բ)Տպավորություն է, որ ինչպես միշտ, կա երկու Հայաստան` վիրտուալ եւ իրական. իրական Հայաստանում գնում ես ընտրատեղամաս, ամեն ինչ հանգիստ է, սպասում ես՝ մի բան բռնացնես, չկա, բակում ես մի քիչ հոտոտում (էն անգամ հոտոտեցի, Սաքունցին գտա մոտակայքում, էս անգամ նույնիսկ ինքը չկար) գալիս ես տուն, վիրտուալ Հայաստանում ընտրատեղամասերից մեկում կեղծիք կատարելու համար փախչում է երիտասարդը, երկրորդը ցնդեցնում է կնիքը, չորրորդը խոսում միկրոավտոբուսների մասին:
Իրականը` երկուսի հանրագումարն է. կան կաշառքի բաժանման դեպքեր, կան ավտոբուսներ, ավելին ասեմ` կան դեպքեր, երբ օլիգարխները խոստացել են հանձնաժողովների նախագահներին` ով ամենաբարձր արդյունքը ցույց տա, քսանհինգ հազար դոլար ենք տալու: Կաթոլիկ ու պապ են «մի ուրիշ ձեւ»` արջի ծառայության գործով:
գ)Բոլորին պարզ է, անգամ արտասահմանյան լրատվամիջոցներն են արձանագրում, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն է հաղթելու: Հիմա հարց.
Ինչո՞ւ են տեղի ունենում այդ խախտումները:
Պատասխան:
Կամ՝ իներցիան է աշխատում, եւ այս մասին պետք է մտածվեր նախօրոք, որովհետեւ սուրբ տեղը պարապ չի մնում, եւ Սերժ Սարգսյանի շտաբը պետք է գտներ այն համադամը, որով կանխեր սպասվող այդ պրոցեսը:
Կամ` ինչ-որ մեկը, կամ` մեկները, խիստ մտածված, գրագետ, տեղեկատվական եւ ֆինանսական տեխնոլոգիա են կիրառում` ընդդեմ հաղթող թեկնածուի:
Ովքե՞ր: 
Ինքներդ որոշեք:
Հ.Գ. Ընդ որում, նրանց աշխարհագրությունը բավականին մեծ կարող է լինել. չբացառենք գեոխաղացողներին նույնպես: