ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի անկախության տոնը


12:00 , 22 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Կապիտոլիումում մասնակցել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված արարողությանը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը:

Ամերիկացի օրենսդիրները ջերմորեն շնորհավորել են Հայաստանին քառորդ դարյա անկախության առթիվ` խոստանալով շարունակական համագործակցություն հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման, Արցախի անկախության գործընթացին աջակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում:

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով առաջարկել է օրենսդիրներից յուրաքանչյուրին իր ողջույնի խոսքն ասել պատմական իրադարձության վերաբերյալ:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը մեծապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Նա ընդգծել է հայ ժողովրդի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում` հիշեցնելով, որ Երևանն ու Ստեփանակերտը կողմ են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Ռոյս-Էնգել առաջարկին: Համբարյանը հիշեցրել է նաև միջազգային խաղաղարար առաքելության ոլորտում Հայաստանի ունեցած մասնակցության, միջուկային անվտանգության մարտահրավերների հարցով ԱՄՆ հետ համագործակցության, ինչպես նաև սիրիական ճգնաժամում Հայաստանի առաջնորդության մասին: