13:33 , 18 փետրվար, 2013
«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 191 դպրոցում տեղակայված 8/22 եւ 8/23 ընտրատեղամասերի դիմաց կայանած է 3 ավտոմեքենա՝ սովետական «Զապորոժեց» մակնիշի 25 SU 447, Մերսեդես 300 մակնիշի SU 937 եւ OPEL VECTRA մակնիշի 27UU 534 պետհամարանիշներով: Ավտոմեքենաներում նստած անձանց ձեռքներին թղթեր կան, եւ նրանք նշումներ են անում ընտրատեղամաս մտնողների անվան դիմաց՝ ասելով, որ այսինչը եկավ: Բացի այդ՝ ընտրատեղամասի դիմաց 15-ից ավելի խմբված երիտասարդներ կան, որոնք մոտենում են եկողներին:
8/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Իռա Մարգարյանն ասել է, որ դրսում կատարվողի հետ ինքը գործ չունի եւ պատասխանատու է միայն տեղամասի ներսում տիրող դրության համար, մինչդեռ ներսում, ըստ մեր թղթակցի, կուտակումներ են եւ տպավորություն է, որ հրահանգված է ակտիվորեն գալ ընտրության: Այս պահի դրությամբ 8/22 ընտրատեղամասում 2,177-ից 250-ը արդեն քվեարկել է:
«Հետքի» թղթակիցը դիմել է ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան, կապիտան Լյուդվիգ Հարությունյանին հարցով, թե ինչու չի հեռացնում ցուցակներով նշումներ անող անձանց կամ տեղամասի առջեւ խմբված երիտասարդներին: Ոստիկանը պատասխանել է, որ ավտոմեքենաները դպրոցի տարածքից դուրս են, իրենք իրավասու չեն ինչ-որ բան անելու: «Մենք հսկում ենք 50 մ շառավղով դպրոցի տարածքը»,- ասել է ոստիկանը:
Խմբված երիտասարդներին էլ չեն խոչընդոտում, որովհետեւ նրանք չեն խանգարում ընտրությունների ընթացքին, բացի այդ՝ հանձնաժողովի նախագահը չի դիմել նման խնդրանքով:





Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի