12:27 , 21 սեպտեմբեր, 2016
Ախր ինչպե՞ս կարող եմ քեզ չսիրել, երկի՛րս, ինչպե՞ս քեզ չօգնեմ, երկի՛րս, ինչպե՞ս բացատրեմ, որ դու ամենալավն ես, որ դու հին ես Ադամից ու Եվայից էլ, որ քո սուրբ հողից, սիրո ու ցասման նման ժայթքող Արարատից է սկիզբ առել մարդկության նոր ժամանակը: Ինչպե՞ս սատար կանգնեմ քեզ, ինչպե՞ս բացատրեմ քեզ, հայրենի՛քս, որ դու տվեցիր մեզ ամեն ինչ՝ գիր ու մշակույթ, հպարտություն, արժանապատվություն, իրավունք, իսկ զավակներիցդ շատերը, չխղճալով քեզ, չափսոսալով քեզ, այդ արժեքները վաճառքի հանեցին...
Ինչպե՞ս չասեմ քեզ, երկի՛րս, որ մեր անմիաբանության , գայթակղությունների, անկուշտ ցանկությունների պատճառով քո զավակներին պարտադրեցինք բնավեր լինել՝ դեգերել աշխարհով մեկ, քեզնից խռոված…
Դու ներիր մեզ, երկի՛րս, լա՛վս, միա՛կս... Մենք քեզ անարժան եղանք, մենք չգնահատեցինք քեզ, մենք մեր անխոհեմ քայլերով ու անտարբերությամբ փոքրացրինք քեզ, քեզանից խլեցինք քո ժպիտները...
Բայց դու սիրում ես քո զավակներին և մոր նման ներում ու սպասում նրանց վերադարձին…
ԵՐԿԻ՛ՐՍ, ՄԻԱ՛ԿՍ, ՀԱՅՐԵՆԻ՛ՔՍ, ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ…