Երկու կյանքերի սահմանագծին
18:00 , 20 սեպտեմբեր, 2016
Սովորականի նման առավոտյան շուտ արթնացավ, ամուսնու համար սուրճ ու նախաճաշ պատրաստեց, ննջասենյակ մտավ, մեղմիկ ժպտաց` տեսնելով, որ նա դեռ քնած է, նայեց ժամացույցին, դեռ 10-15 րոպե կարող էր քնել, ու որպեսզի չարթնացնի, զգուշությամբ նստեց անկողնու եզրին: Այնպես էր նայում նրան, կարծես երկար տարիներ չէր տեսել: Իրենց ծանոթության օրը հիշեց, առաջին համատեղ զբոսանքը, սիրո խոստովանությունն ու առաջին համբյուրը… Այնքան էր տարվել իր հիշողություններով, որ չնկատեց, թե ինչպես ամուսինը բացեց աչքերը: Նա նայեց զարթուցիչին ու հոգոց հանեց: Կինը սթափվեց, նայեց ամուսնուն, ժպտաց ու բարի լույս մաղթեց, բայց ամուսինն առանց նրա կողմը նայելու և բառ ասելու տեղից վեր կացավ, արագ հագնվեց, պատրաստվեց ու առանց սուրճ խմելու և նախաճաշելու տնից դուրս եկավ: Մոտ երկու ամիս էր, ինչ ամուսնացած էին: Ամեն աշխատանքային օր նա ամուսնուց շուտ էր արթնանում, որ նրա համար սուրճ ու նախաճաշ պատրաստի, հետո միասին նախաճաշում էին, ու ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ ամուսինը համբուրում էր նրա ճակատը, ժպտում, վերցնում էր մեքենայի բանալիներն ու դուրս էր գալիս: Կինը կանգնում ու սպասում էր բաց դռան մոտ, մինչ նա կիջներ աստիճաններով, հետո փակում էր դուռն ու վազում պատշգամբ, որ մի անգամ էլ այնտեղից նրան հրաժեշտ տար: Ամուսնու՝ այսօրվա անտարբերությունից կինը տխրեց ու միաժամանակ զարմացավ, բայց մտածեց՝ հնարավոր է աշխատանքի վայրում խնդիրներ ունի, դրա համար էլ իրեն այդպես պահեց ու հապճեպ տնից դուրս եկավ առանց բառ ասելու: Մաքրեց արցունքներն ու սկսեց տունը կարգի բերել: Ընթրիքի համար ամուսնու սիրած ուտեստներից պատրաստեց: «Ինչքան էլ հոգնած ու անտրամադիր վերադառնա աշխատանքից, անպայման տրամադրությունը կբացվի»,- մտածեց: Ամուսինն ուշանում էր: Նայեց ժամացույցին։ Արդեն երկու ժամ իր սովորական տուն գալու ժամից անցել էր, բայց նա դեռ տուն չէր եկել: Վերցրեց հեռախոսն ու նորից տեղը դրեց: «Եթե ուշանում է, ուրեմն գործեր ունի, պետք չէ նրան խանգարել»,- մտածեց նա: Անցավ ևս մի ժամ։ Նա արդեն իր տեղը չէր գտնում․ ախր, նա երբեք այսքան չէր ուշացել: Վերցրեց հեռախոսը: Զանգեց: Չպատասխանեց: Անցավ ևս տաս րոպե, նորից էր ուզում զանգել, երբ դուռը բացվեց, ու նա ներս մտավ: «Արդեն անհանգստանում էի։ Այսօր շատ ուշացար։ Ինչ-որ լուրջ բա՞ն էր պատահել»: Ամուսինը կարծես նրան չլսեց: Առանց կոշիկները հանելու հյուրասենյակ մտավ ու պառկեց բազմոցին: «Հիմա ճաշը կտաքացնեմ, արդեն սառել է»,- հուզմունքը թաքցնելով՝ ասեց կինն ու խոհանոց մտավ: «Սիրելի՜ս, սեղանն արդեն պատրաստ է։ Կարո՞ղ ես գուշակել՝ ինչ եմ եփել»,- վերջին բառն արտասանելով՝ ներս մտավ ու տխրեց․ ամուսինը քնել էր առանց ընթրելու: Առավոտյան նորից աշխատանքի գնաց առանց բարևելու և հրաժեշտ տալու: Երեկոյան ուշ վերադարձավ: Նորից քնեց բազմոցին՝ առանց որևէ բան ուտելու: «Ինչու՞, ի՞նչ է պատահել»,- կինն ամբողջ օրը ինքն իրեն այս հարցերն էր տալիս, բայց պատասխանները չէր գտնում: Արդեն չորս օր էր, ինչ ամուսինը կնոջ հետ չէր խոսում, չէր բարևում ու հրաժեշտ չէր տալիս, տանը ոչինչ չէր ուտում, իրենց ննջասենյակ մտնում էր միայն հագուստ վերցնելու համար: «Երևի նա ինձ այլևս չի սիրում, ուրիշ կին է հայտնվել նրա կյանքում, դրա համար էլ իրեն այսպես է պահում։ Բայց ինչու՞, ախր ամեն բան այնքան լավ էր, այնքան երջանիկ էինք միասին, ի՞նչ պատահեց, որ նա այսպես փոխվեց»,- հարցեր, որոնք արդեն քանի օր է՝ նրան տանջում էին, բայց նա չէր համարձակվում դրանց մասին խոսել ամուսնու հետ: Հինգերորդ օրը արթնացավ ու որոշեց, որ ննջասենյակից դուրս չի գալու, նախաճաշ չի պատրաստելու, եթե բարեհաճի իր հետ խոսել, ապա հարցերին չի պատասխանելու. «Տեսնեմ՝ այդ ժամանակ ի՞նչ ես ասելու, երբ տուն գաս ու տեսնես՝ ուտելու ոչինչ չկա, հագուստդ լվացված և արդուկված չէ, երեկ խմած գարեջրի շշերը այնտեղ են, որտեղ թողել էիր՝ հյուրասենյակում: Ես հետդ չեմ խոսելու այնքան ժամանակ, մինչև դու չգաս ու ամեն ինչ չբացատրես: Մի քանի օրից էլ ծնունդս է, տեսնեմ այդ օրն ի՞նչ ես անելու»… Երեկոյան ամուսինը տուն եկավ: Կինը նստած տեղից չշարժվեց: Նա լվացվեց, մոտեցավ սառնարանին, բացեց, բայց ուտելու հարմար բան չգտնելով՝ խորը հոգոց հանեց ու փակեց դուռը: Մտավ հյուրասենյակ, հավաքեց գարեջրի դատարկ շշերն ու գցեց աղբի դույլի մեջ: Կինը դեռ նստած էր բազկաթոռին, իսկ ամուսինը կարծես նրան չէր էլ նկատում: Մոտեցավ բազմոցին, պառկեց ու փակեց աչքերը: «Արդեն ամեն ինչ պարզ է․ նա հաստատ ինձ էլ չի սիրում։ Ես այսպես երկար չեմ դիմանա։ Առանց նրա իմ կյանքը կիմաստազրկվի», - ամուսնու արհամարանքից վիրավորված՝ ննջասենյակ մտավ, ընկավ անկողնու վրա և սկսեց արտասվել… Առավոտյան, երբ արթնացավ, զարմացավ․ ամուսինը տանն էր։ Հետո հիշեց, որ շաբաթ է: Ամեն շաբաթ օր ինչ-որ տեղ էին գնում կամ պարզապես զբոսնում էին քաղաքում: Իսկ հիմա՞: Հիմա արդեն քանի օր է՝ նույնիսկ իրար հետ չեն խոսել, միասին զբոսանքի մասին խոսք լինել չէր կարող: Ողջ օրը ննջասենյակից դուրս չեկավ, ամուսինն էլ ննջասենյակ չմտավ: Արդեն մթնել էր, կամաց բացեց ննջասենյակի դուռն ու տեսածից ապշեց: Ամուսինը լվացած շորերն էր արդուկում: «Կներես ինձ, թո՛ղ, թո՛ղ ես կարդուկեմ»,- մոտեցավ ամուսնուն, պարզեց ձեռքը, որ արդուկը վերցնի, բայց ամուսինն առանց նրա կողմը նայելու շարունակեց իր գործը: «Ամոթ ինձ, որ երեկ չէի արդուկել։ Ես եմ մեղավոր, որ նեղացել է»,- մտածեց կինն ու ասաց․ «Լավ, եթե ուզում ես ինքդ արդուկի, ես էլ ուտելու մի բան կպատրաստեմ»: Սեղանը գրեթե պատրաստ էր, ամուսինը խոհանոց մտավ: «Ինչ լավ է՝ եկար, սիրելի՛ս, ես էլ արդեն ուզում էի կանչել քեզ, արի՛, նստի՛ր, հիմա ճաշը կլցնեմ»: Ամուսինը բացեց սառնարանը, մի կտոր հաց ու պանիր վերցրեց ու դուրս եկավ խոհանոցից: Արտասուքի երկու խոշոր կաթիլներ գլորվեցին նրա աչքերից։ Վազեց, փակվեց ննջասենյակում ու սկսեց ձայնով լաց լինել: Լսվեց տան դռան ձայնը։ Ամուսինը դուրս եկավ տնից… Կինն էլ չէր հասկացել՝ երբ և ինչքան էր քնել, երբ աղմուկ լսելով՝ արթնացավ: Ամուսինը տուն էր եկել։ Մոտեցավ ննջասենյակի դռանը, սկսեց ականջ դնել: «Մենք իզուր ամուսնացանք։ Ես եմ ամեն ինչի մեղավորը։ Պետք է թողնեի, որ հարազատներիդ հետ դու էլ երկրից գնայիր․ այդպես թե՛ իմ և թե՛ քո համար լավ կլիներ։ Կարևորը քո համար լավ կլիներ։ Հիմա ես ի՞նչ անեմ, ասա՛, ի՞նչ անեմ, ի՞նչ»,- գոռաց նա ու սկսեց բարձրաձայն լաց լինել: Կինը դուրս եկավ ննջասենյակից: Նրա համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Հենց նոր ամուսինը խոստովանեց, որ իրենց հարսանիքն ու համատեղ կյանքը թյուրիմացություն է եղել: Ամուսինը կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում: Նա հարբած էր, մի ձեռքում շիշ էր, մյուսում ՝ իրենց հարսանյաց նկարներից մեկը: «Ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ա՜խ, այս խմիչքը՝ այս աղբը, կործանեց իմ ամբողջ կյանքը, մեր կյանքը․․․ Երդվում եմ, երդվում եմ քո անունով, իմ անցավորների անունով, որ էլ ոչ մի կաթիլ չեմ խմի» - գոռաց նա ու գրեթե դատարկ շիշը պատին խփեց: Նկարը սեղմեց կրծքին ու նորից սկսեց բարձրաձայն լաց լինել: Կինը մոտեցավ, որ գրկի նրան, բայց նա կայծակնային արագությամբ դուրս վազեց տնից՝ իր հետ տանելով իրենց հարսանյաց նկարը: «Ոչինչ չեմ հասկանում։ Հիմա սիրու՞մ է ինձ, թե՞ ատում»,- աչքերը մաքրելով՝ շշնջաց անորոշության մեջ հայտնված կինը: Երկուշաբթի օրը ոչնչով չտարբերվեց վերջին շաբաթվա մյուս օրերից: Ամուսինը աշխատանքի գնաց առանց կնոջը բարևելու և հրաժեշտ տալու: Այդ օրվա հետ կապված՝ դեռ մի քանի ամիս առաջ նրանք մեծ ծրագրեր ունեին, բայց հիմա այդ մասին չհիշեցին էլ: Աշխատանքային օրվա ավարտից մի քանի ժամ շուտ նա տուն եկավ ու սկսեց փոխել հագուստը: Ինչքա՜ն մեծ եղավ կնոջ զարմանքը, երբ նա հագավ իր նվիրած վերնաշապիկը, կապեց իր նվիրած ժամացույցն ու տնից դուրս եկավ: «Այս ու՞ր է գնում այսպես զուգված-զարդարված։ Ես հիմա ամեն ինչ կպարզեմ»,- որոշեց նա ու ամուսնու հետևից դուրս եկավ: Տնից մի քանի մետր էլ դեռ չէին հեռացել, երբ նա մեքենան կանգնեցրեց մի ծաղկի սրահի մոտ, իջավ մեքենայից, ու երբ սրահից դուրս եկավ, կինը հուզմունքից սկսեց դողալ․ իր սիրելի ծաղիկներից մի մեծ փունջ էր նրա ձեռքին: «Այս ու՞մ համար է, ինչու՞ հենց այս ծաղիկներից գնեց, մի՞թե ուրիշ ծաղիկ չկար»,- ու չնայած իր համար շատ դժվար էր, նա որոշեց գնալ մինչև վերջ ու իմանալ ամեն ինչ… Կինը շատ զարմացավ ու վախեցավ, երբ հասկացավ, թե ամուսինն ուր է գնում: Ամբողջ կյանքի ընթացքում մի անգամ էր եղել այդ վայրում և ամեն կերպ փորձել էր մոռանալ այդ օրը, բայց հիմա հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նա որոշեց անկախ ամեն ինչից հետևել ամուսնուն ու վերջ տալ իր կասկածներին: Ամուսինն իջավ մեքենայից, վերցրեց ծաղկեփունջն ու գլխիկոր առաջ քայլեց: Կինը հետևեց նրան: Մի քանի րոպե քայլելուց հետո նա կանգ առավ, ծնկի իջավ ու ծաղիկները դնելով մի թարմ շիրիմի վրա՝ հազիվ լսելի ձայնով շշնջաց. «Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս…»