Հայկ Պետրոսյանի առաջին տեսահոլովակի պրեմիերան և համերգ-ներկայացումը


16:15 , 20 սեպտեմբեր, 2016

Պարզվում է՝ դեպի դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի սիրտը տանող ճանապարհն անցնում է «Պոմիդորով ձվածեղ» կոչվող փորձությունով։) Հենց այս թեմային է Հայկը ձոնել իր առաջին տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է։ Կատակերգի հեղինակը Հայկն է։ Տեսահոլովակի պրեմիերան Հայկը զուգորդեց համերգ-ներկայացմամբ։ Տիկնիկային թատրոնում հավաքված հանդիսատեսը երգչի առաջին աշխատանքը բարձր գնահատեց ու նրան արժանացրեց ջերմ ծափողջույնների։

BlogNews-ի հետ զրույցում դերասան-երգիչը նշեց, որ եթե շարունակի գործունեությունը որպես երգիչ, իրեն տեսնում է ռոմանտիկ երգեր կատարելիս։ Այդուհանդերձ, Հայկը որոշել է առաջինը ներկայանալ կատակերգով: «Շատ լուրջ վերաբերելով առաջին տեսահոլովակիս՝ չցանկացա ծանրացնել այն։ Որոշեցի շուկան գրոհել հումորային երգերով։ Ըստ իս՝ այդ տարածքն ազատ է։ Հայաստանում սա շատ պոպուլյար ժանր չէ»,- ասաց նա։

Տեսահոլովակը նկարահանվել է մի կադրով, սակայն փորձերը երկար են տևել, իսկ ամենաբարդը եղել է վայրի ընտրությունը։ «Տեղի ընտրությունը բարդ էր, քանի որ տեսահոլովակը մի կադրով է նկարահանվել, սակայն պլանները տարբեր են։ Նկարահանումները տևել են 5-6 ժամ։ Մաս-մաս փորձում էինք, փոփոխում, մշակում։ Վերջին 3 փորձերը հաջող եղան, կարծեմ նախավերջինն ընտրեցինք»,- հիշեց Հայկը։

Ինչ վերաբերում է համերգ-ներկայացմանը, հանդիսատեսին մի լավ ուրախացրած Հայկն իրականում վատառողջ էր ու ջերմություն ուներ։ Ելույթից հետո նա հույս հայտնեց, որ դա չի խանգարել իրեն։ Դերասանը նշեց, որ ծրագրում ներառել էր ինչպես նոր համարներ, այնպես էլ հատվածներ «Հայկասթրես»-ից և «Եթե ես լինեի պապա»-ից։ «Ես մի քիչ շատախոս եմ, դրա համար որոշեցի միայն համերգ չանել, ընթացքում խոսեմ, ծիծաղեցնեմ մարդկանց։) Ծրագիրը թարմացված էր, սակայն կային նաև հին համարներ»,- նշեց դերասանն ու հավելեց, որ հանդիսատեսի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Տիկնիկային թատրոնում՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացման շրջանակներում։

Ի դեպ, Հայկի ներկայացումները նայած մարդիկ կփաստեն, որ բեմում նրա էներգետիկան շատ մոտ է հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի էներգետիկային, դե իսկ արտաքին նմանության մասին ևս մի անգամ խոսելն ավելորդ է։ Վարդան Պետրոսյանի ներկայացումները դիտած մարդիկ կփաստեն, որ հայր և որդի բեմում միշտ նույն խնդրի առաջ են կանգնում, երկուսն էլ միկրոֆոնների հետ «պրոբլեմներ» են ունենում:)

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի