21:15 , 19 սեպտեմբեր, 2016
Սևանա լճի հանրային լողափերում 2016 թվականին հանգստացել է շուրջ 180 հազար մարդ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով ներկայում գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:
Այն, որ լողափերը գործել են ծանրաբեռնվածությամբ, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ:
Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ: Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ, Ծովագյուղ համայնք և այլն: