Ատոմակայանը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման


12:42 , 19 սեպտեմբեր, 2016

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։

ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։