10 տարվա ընթացքում մեր արտադրած ձվերից չի եղել գեթ մեկ դժգոհող. «ԵԹՖ» ՍՊԸ տնօրեն


11:42 , 17 փետրվար, 2013

Վերջին երկու ամսվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի և « X- GROUP»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի միջև սրված հարաբերությունները կողմերին հասցրին դատարան: Հաշվի առնելով լրագրողական էթիկայի նորմերը`APLES.am-ը ստորև ներկայացնում է «X-GROUP»-ի պարզաբանումը՝ խնդրո առարկա հանդիսացող « նեխած» ձվերի պատմության վերաբերյալ: Նյութում տեղ են գտել «ԵԹՖ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Մակարյանի՝ APLES.am-ին տված պարզաբանումն ու նյութեր մամուլից: 

 «Մեր ընկրությունն արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է ձվի արտադրությամբ, ու այս տարիների ընթացքում չի եղել դժգոհության անգամ մեկ դեպք: Սեպտեմբեր ամսին սննդի անվտանգության պետական տեսչությունն իրացման կետերում հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացրել է շուկայահանված ձվի դիտարկում և կատարվել նմուշառում: Նմուշառված ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության, ու պարզվել է, որ արտադրանքի վրա մակնշված օրը չի համապատասխանում թարմության հետ: Մեր ընկերությունը տեղ չի գտել հայտնաբերված խախտումներով արտադրանք իրացնող ընկերությունների ցանկում»- հավաստում է Գ. Մակարյանը:

Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության http://www.ssfs.am կայքի՝ «Ուշադրություն
հայտնաբերվել է խախտումներով ձու» հրապարակման մեջ, որպես արտադրանքի թարմությունը ձվի վրա առկա արտադրության օրվա մակնշմանը չհամապատասխանող արտադրանք բացահայտվել են «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ – 08.09.12թ., «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ –13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ -10.09.12թ. «Աշտարակ ձու» ՍՊԸ -29.08.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ -03.09.12թ.,«Աշտարակ ձու» ՍՊԸ -05.09.12թ. արտադրանքները: Այնուհետև հոկտեմբերի 9-ին «Իրավունք» թերթը զետեղել էր մի նյութ «Ձուն ապագայից» վերծանվամբ՝ նշելով, որ խմբագրությանը դիմած քաղաքացին պատմել է, թե ինչպես
է շաբաթ օրը` հոկտեմբերի 6-ին, խանութներից մեկից 10 հատ ձու գնել (գնումը հաստատող կտրոնը պահել է) ու  պարզել, որ այդ ձվերն արտադրված են... հոկտեմբերի 12-ին, այսինքն` գնելուց մոտ մեկ շաբաթ անց: Ձվի վրա հետևյալ մակնշումն է եղել. «Արաքս 01...» (01-ը ձվի տեսակն է): Ապա «... 12.10.12», ինչը արտադրության ամսաթիվն է` 2012թ. հոկտեմբերի 12-ին: Նշված ձվերը հայտնաբերվել են Էջմիածնի Արշալույս գյուղի խանութներից մեկում: «Դեպքի հետ կապված` դիմել ենք ոստիկանության Վաղարշապատի բաժին:

2013թ. հունվարի 19-ին ՔԴ 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով գործը կասեցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի N 12-4185 որոշումը»,- շեշտում է Գ. Մակարյանը: Ներկայացնում ենք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի N 12-4185 որոշման հիմք հանդիսացող հետևությունները. 

 1.Փորձաքննությանը ներկայացված մեկական «Արաքս 01 12.10.12» գրառումներով հավի ձվերի վրա կարմրագույն ներկանյութով կատարված «Արաքս 01 12.10.12» գրառումները կատարված են դրոշման եղանակով:

2.Փորձաքննությանը ներկայացված մեկական «Արաքս 01 12.10.12» մակնշմամբ հավի ձվերի վրա կարմրագույն ներկանյութով կատարված «Արաքս 01 12.10.12» գրառումները և որպես համեմատական նմուշ ներկայացված «Արաքս 01 18.10.12» մակնշմամբ հավի ձվերի վրա առկա կարմրագույն ներկանյութով կատարված «Արաքս 01 18.10.12» գրառումները կատարվել են տարբեր դրոշմներով և չեն համապատասխանում միմյանց»:

«Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է նյութ «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» վերնագրով: Նյութում նշված չէ, թե երբ է տուգանվել «ԵԹՖ» ընկերությունը: Եթե ստուգենք, ապա կտեսնենք, որ նյութի հրապարակման օրվանից, նույնիսկ 3 ամսվա տարբերությամբ, մեր ընկերությունը չի տուգանվել.- նկատում է Գ. Մակարյանը.- Դեկտեմբերի 12- ին լույս
է տեսնում հաջորդ անհավանական ու այլանդակ հոդվածը՝ «Գործարար էլիտայի բացիլները»: Անցնելով լրագրության ու մարդկային էթիկայի ու դաստիարակության նորմերը, լրագրողը իրեն իրավունք է վերապահում զանգել ու անհիմն հարց-հայտարարություն անելով անհանգստացնել մարդուն՝ ոչ աշխատանքային ժամին, հասցնելով մարդուն այն աստիճան, որ ոչ ադեկվատ վիճակում աղջկան՝ լրագրողին, անվանի «պրաստիտուտկա»՝ նկատի ունենալով ծախված մարդուն, որը պատվեր է կատարում:

Դրան հաջորդել է մեր պատասխան հաղորդագրությունը, որում մասնավորապես նշում ենք. «ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին, ո՛չ տնօրենին, ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին, քանի որ, ըստ ՀՀ օրենսդրության Խաչիկ Խաչատրյանը, հանդիսանալով հիմնադիր, ընկերության գործունեության համար չի կարող տուգանվել: ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում, ուստի չէր կարող տուգանված լինել և «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը անհիմն է»:

Այնուհետև Խաչիկ Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով լրատվամիջոցներին, որոնք կարծում էին, թե իր պատիվն ու արժանապատվությունը գնահատվում է 3 մլն դրամ, կամ փորձում է սեփական գրպանի պարունակությունը շատացնել, ասել է, որ իր ընկերությունը նպատակ չունի «ճնշում գործադրել, կամ որ բացարձակապես անընդունելի է կասեցնել թերթի, որևէ թերթի, տվյալ դեպքում «Ժողովուրդ»-ի տպագրությունը»:
Ուզում եմ շեշտել, որ մեզ համար ազատ և անկախ մամուլի դերն անգնահատելի է: Այն քաղաքացիական հասարակության կայացման հարցում ամենակարևոր դերակատարությունն է, բայց և շատ- շատ կարևոր է զգալ և պահպանել ազատության այն սահմանը, որը չի սահմանափակում դիմացինի ազատություններն ու իրավունքները: Հենց այս համատեքստում է մեր ընկերությունը դիմել դատարան՝ վիճարկելով ընկերության բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ ամենևին նպատակ չհետապնդելով , ինչպես վերը ասվեց, ճնշում գործադրել:

Ավելին, դատական հայցով մենք ուզում ենք ընդգծել, որ խոսքի ազատության բաղկացուցիչ և կարևորագույն մասը պատասխանատվության բարձր զգացումն է՝ գրված յուրաքանչյուր բառի համար, հանգամանք, որի աստիճանով պայմանավորված է մաուլի հեղինակությունը, իսկ լինելով ազատ մամուլի զարգացման ջատագով,
հասկանալով, որ վերջինիս զարգացման հաջողություններով է պայմանավորված ազատ տնտեսական
հարաբերությունների զարգացումը՝ մենք չենք հետապնդում « «Ժողովուրդ»-ին լռեցնելու» մեզ վերագրվող նպատակը:

Ինչ վերաբերում է 3 միլիոն դրամ տուգանքի պահանջին, ի դեպ, սահմանված է օրենքով, ապա մեր ընկերությունը հայտարարում է, այդ գումարը ստանալուն պես այն կրկնապատկելու ենք և ուղղելու
Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտին: Կարծում ենք՝ այդ հումանիստական քայլը մեկ
անգամ և կմիավորի տնտեսական ոլորտի և մամուլի ասպարեզի գործիչների ձգտումը հնարավորինս նպաստելու ժողովրդի բարօրությանը» - եզրափակել է Մակարյանը:

Մնում է հուսալ, որ այս պատմությունը կավարտվի հավուր պատշաճի, ու պետք չէ մոռանալ, որ ձվածեղը համեղ է նաև «աչքանի» տարբերակում, իսկ թեժ կրակին միայն մոխիր կդառա: 

Արտակ Նավասարդյան
Նաիրա Հարությունյան