Ի՞նչ նոր զինատեսակներ են ցուցադրվելու սեպտեմբերի 21-ին, և որո՞նք են դրանց առավելություններն ու թերությունները (Photo)


11:56 , 17 սեպտեմբեր, 2016
Երեկ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ֆեյսբուքը հեղեղեցին քաղաքացիների կողմից լուսանկարված զինտեխնիկայի նոր նմուշները, որոնք մտել էին Կենտրոն, որպեսզի մասնակցեն զորահանդեսի փորձին։ Հանրության մոտ էյֆորիա առաջացրեցին հատկապես Սմերչ և Իսկանդեր համակարգերը, բայց սրանք միակ նոր զինատեսակները չէին մեր սպառազինության կազմում, որոնք երևացին երեկ երևանյան փողոցներում։ Կային նաև մի շարք այլ զինատեսակներ, որոնք պակաս արդիական ու առնվազն պակաս կիրառական չեն, եթե վաղը նոր սրացում լինի շփման գծում։ Ստորև կթվարկեմ դրանք ու կքննարկեմ դրանց առավելություններն ու թերությունները։

Սմերչ

Առաջին ու ամենաբուռն արձագանքը առաջացրեցին հենց այս համակարգերը, ինչն անձամբ ինձ համար զավեշտալի է։ Բանն այն է, որ հայ հանրության մի զգալի շերտի համար (Рен ТВ-ի թեթև ձեռքով) Սմերչն ընկալվում է որպես ատոմային ռումբից հետո ամենահզոր զինատեսակ, մինչդեռ դա, մեղմ ասած, այդպես չէ։ Սմերչն անգամ ունիկալ համակարգ չէ իր դասակարգում, այն աչքի չի ընկնում ո՛չ ճշգրտությամբ, ո՛չ էլ բացառիկ հեռահարությամբ։ Զենքի շուկայում վաղուց առկա են համանման ալ զինատեսակներ, որոնք էապես գերազանցում են Սմերչին տարբեր պարամետրերով (հատկապես ամերիկյաններն ու չինականները)։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել ՆԱՏՕ-Վարշավյան պակտ մասշտաբի պատերազմների համար, որտեղ պետք է լինեին զորքերի ու սմերչների հսկայական կուտակումներ, իսկ Արցախյանի պես լոկալ կոնֆլիկտի պարագայում այն ավելի շուտ քարոզչական-բարոյահոգեբանական դերակատարություն ունի, քան անմիջական ռազմական-կիրառական։

Բուկ-Մ1

 
Այս ՀՕՊ համակարգերը բավականին հզոր են ու իրենց արդյունավետ դրսևորել են մի շարք կոնֆլիկտներում։ Վերջին տարիների կիրառության հաջող փորձերից կհիշատակեի 2008 թվականի վրաց-ռուսական կոնֆլիկտի ժամանակ խոցված ռուսական ռազմավարական ռմբակոծիչը, ինչպես նաև 2014 թվականին Դոնբասի երկնքում խոցված քաղաքացիական Բոուինգը։

Ստրելա-10

Եվս մեկ ՀՕՊ համակարգ, որը նախատեսված է ցածր թռչող թիրախների ոչնչացման համար, առավելապես՝ ուղղաթիռների ու գրոհիչների։ Իրեն բավականին արդյունավետ է դրսևորել Ուկրաինայի արևելքում և Պարսից ծոցում։ Իր մարտավարա-տեխնիկական պարամետրերով այն գուցե ամենաժամանակակիցն ու ամենաարդյունավետը չէ աշխարհում, բայց բավականին մատչելի է, հուսալի, ու հաշվի առնելով մեր հակառակորդի զինանոցը՝ լիովին ունակ է կատարելու այն մարտական խնդիրները, որոնք դրված են այս համակարգերի առջև։

Ինֆաունա

Ռադիոհետախուզության և ռադիոէլեկտրոն պայքարի գումարտակային միջոց, որն, ըստ իս, բոլոր նոր ձեռքբերումներից ամենամեծ կիրառական նշանակությունն ունի մեզ համար։ Բացատրեմ․ ի թիվս այլ բաների՝ այս համակարգերը կարող են արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել Ապրիլյան սրացման ժամանակ իսկական գլխացավանք դարձած ադրբեջանական ԱԹՍ-ների ու Հարոփների դեմ։

Իսկանդեր

Սա արդեն լուրջ է։ Իսկանդերներն օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր են, որոնք շատ բարդ է որսալ ՀՕՊ ու ՀՀՊ համակարգերով։ Ավելին, Իսկանդերների արտահանումը արգելված է ՄԱԿ-ի՝ Միջուկային սպառազինության ու դրա կրիչների չտարածման մասին կոնվենցիայով, որովհետև, այո՛, Իսկանդերները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Չգիտեմ, թե ինչն է ստիպել Ռուսաստանին գնալ նման ռիսկի ու միջազգային աղմուկի, բայց փաստացի մենք արդեն ունենք Իսկանդեր։ Այլ հարց է, որ այս զինատեսակն ավելի շուտ կոչված է կատարելու այն դերակատարությունը, ինչ կատարում էր ատոմային ռումբը Սառը պատերազմի ժամանակ։ Ասել է թե՝ այն ձեռք են բերել ոչ այնքան կիրառելու, որքան Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելու համար։
 
Թվարկվածները միայն մի մասն են կազմում այն ամենի, ինչ ցուցադրվելու է զորահանդեսին։ Ըստ ամենայնի՝ կցուցադրվի նաև Սոլնցեպյոկ համակարգ և նոր ԱԹՍ-ներ (հնարավոր է՝ նաև հարվածային)։ Էլ չխոսեմ ստանդարտ սպառազինության և այն զինատեսակների մասին, որոնք արդեն քանիցս ցուցադրվել են։ Բայց գուշակություններ չանենք ու սպասենք սեպտեմբերի 21-ին։
 
Այս պահի դրությամբ դեռ վաղ է շատ հեռուն գնացող հետևություններ անել ու չափազանց ոգևորվել, բայց կարող ենք փաստել, որ նշված զինատեսակների առակայությունը որքան հաճելի անակնկալ էր մեր հանրության համար, նույնքան տհաճ «աչքալուսանք» էր հակառակորդի համար։