ՀՅԴ - վարչապետ հարաբերությունները լարվել են


16:58 , 16 սեպտեմբեր, 2016
Image result for ՀՅԴ- Կարեն ԿարապետյանՄամուլում հայտնված այն տեղեկությունները, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները ՀՅԴ-ի հետ լարված են, նոր շունչ են ստանում։ Մասնավորապես, երեկ Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ ունեցած բուռն քննարկումն ամենայն հավանականությամբ դաշնակցական պատգամավորների մոտ առաջացրել է խորը դժգոհություն։ Արմեն Ռոստամյանն այսօր հայտարարեց, որ այն, ինչ արեց վարչապետը նիստի ընթացքում, պարզապես շոու էր։ Ռոստամյանը Արծվիկ Մինասյանի աշխատանքը գնահատեց շատ լավ և ասաց, որ եթե վարչապետը չի հավատում, թող անձամբ համոզվի։ Այն, որ Հայաստանի իշխանության ներսում կան բովանդակային տարաձայնություններ, կարծես նորություն չէ։ Սակայն երբ այն սկսում է դրսևորվել հանրային հռետորաբանության ու քննադատության տեսքով, դա արդեն, ինչ խոսք, անհագստանալու լուրջ առիթ պիտի տա Սերժ Սարգսյանին։ Տարաձայնությունը կոնկրետ այս պահին տեղավորվում է վարչապետ-ՀՅԴ կոնտեքստում, սակայն այնպես չէ, որ նույն ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ընկալվել է միանշանակորեն։ Երեկ ՀՀԿ պատգամավորներից ոմանք Պառլամենտի անկյուններում դժգոհում էին Կարապետյանի այն հայտարարությունից, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը բարձր տոկոս է կազմել։ Անհանգստությունը խորը հիմնապատճառներ ունի։ Եթե Կարապետյանն իսկապես որոշել է իր իսկ բնորոշմամբ աղետալի վիճակում գտնվող Հայաստանի տնտեսությունը վերականգնել, ապա իշխող կուսակցությունն անհանգստանալու լրջագույն խնդիրներ ունի։
Այստեղ քիչ չեն մարդիկ, որոնք մոտակա ամիսների ընթացքում կհայտնվեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում։ Հետևաբար դեռ վաղ է այս ամենին գնահատական տալ ու գուշակություններ անել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Մի բան ակնհայտ է, որ այն բոլոր կետերը, որ Կարեն Կարապետյանը
հռչակել է որպես իր ծրագրերի ելակետ, դրանք այսօրվա ներհայաստանյան կարծրացած քաղաքական համակարգում դիտվում են որպես օտար ու, մեղմ ասած, անընդունելի։ Կհասնեն այս տարաձայնությունները էսկալացիայի, թե ոչ, կիմանանք մինչ տարեվերջ։