08:29 , 18 փետրվար, 2013
Առավոտյան գնալու եմ ընտրությունների #149 դպրոցում գտնվող ընտրատեղամաս...
Բայց ոչ թե ընտրել-չընտրելու, կոնկրետ ում ընտրելու հարցն է հիմա ինձ հետաքրքրում, այլ էն, որ 1844 մարդ վաղն առավոտյան 8-ից երեկոյան 8-ը քվեարկելու է Արաբկիրի փոքրիկ մանկապարտեզներից մեկում:
Գուցե երբեւէ չանդրադառնայի այս հարցին, եթե խոսքը տղայիս մանկապարտեզին չվերաբերեր ու մաշկիս վրա չզգայի: Բայց դե...
Արդեն ամսից ավել է Արսենին տանելուց ու բերելուց աչքիս է զարնում մանկապարտեզի՝ մշտապես փակ շքամուտքի վերեւում գտնվող ընտրատեղամասի համարն ու մտածում եմ. ախր դպրոցներում գոնե լայն ու մեծ միջանցքներ կան, մարզադահլիճներ կան, իսկ մանկապարտեզու՞մ:
Գոնե մեր դեպքում առհասարակ ոչ միջանցք կա, ոչ մարզադահլիճ ու ոչ էլ մեծ շքամուտք: Սա փոքր-մոքր, շենքի առաջին հարկում հարմարացրած մի հաստատություն է, որի շքամուտքը միշտ բանալիով փակ է, քանի որ դուռը բացելուն պես հայտնվում ես կամ տնօրենի պստլիկ-նեղլիկ առանձնասենյակում, կամ երեխաների մի խմբի ննջասենյակում: Ակնհայտ է, որ առավելագույնը 8 քառակուսի մետրանոց առանձնասենյակում ոչ մի ընտրություն չի կարող անցկացվել ու հետեւաբար ուղիղ անցնում ենք դեպի բուն մանկապարտեզ. մի փակ տարածք, որտեղ խաղում, քնում, ճաշում են 2-5 տարեկան երեխաները: Որքանո՞վ է դա հիգիենիկ, երեխայանպաստ... Ես չեմ ասում, որ 1844 կեղտոտ-ցեխոտ կոշիկ է մտնելու էդ սրահ, ինձ հույս եմ տալիս, որ էդ մի կերպ կմաքրեն, բայց ախր էդքան շունչ է մտնելու՝ առողջ ու ոչ այնքան... Էդքան մանրէ... Էդ ո՞նց են մաքրելու: Համոզված եմ, որ հաստատ չեն ախտահանելու ողջ մանկապարտեզի տարածքը:
Այսքանից ելնելով՝ արդյո՞ք արդարացված է մանկապարտեզների (մանավանդ՝ բնակելի շենքերում գտնվող փոքրիկ, առանց հատուկ հարմարությունների) տարածքներում ընտրատեղամասերի տեղակայումը:
Հ.Գ.
Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ ուժեղ է այն պետությունը, որն առաջին հերթին հոգում է իր ծերերի ու երեխաների մասին:
Հիմա մոտս լրջագույն հարցեր ու կասկածներ կան: