08:41 , 16 սեպտեմբեր, 2016
Արդարադատության դեֆիցիտ Հայաստանում...
Մեր դատական ատյաններն աշխատում են չափազանց վատ, անգամ եթե գործը երկու եղբայրների միջև ծագած ժառանգված տան կամ փոքրիկ հողակտորի վեճ է, որպես կանոն՝ դատավորները որոշում են կայացնում հօգուտ այն եղբոր, որը կարող է կաշառել վերջինիս։ Մեր արդարադատության միակ սկզբունքը, որով նա աշխատում է, կաշառքն է, նույնիսկ ամենաթեթև՝ քաղաքացիական բնույթի գործերի դեպքում։ Լրացուցիչ կարիք չկա շեշտելու, թե որքան աչառու են նրանք, օրինակ, ընտրակեղծարարների կամ օլիգարխների և իրենց շրջապատի քրեական գործունեության դեպքում։
Դատական համակարգը մեր երկրում որևէ կերպ չի ծառայում քաղաքացիներին, նրա հիմնական նպատակն է պետական բյուջեն լցնելը, այնտեղից էլ միջոցները գրպանելը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ տույժերը Հայաստանի նկատմամբ դրա վառ վկայությունն են, և ընդ որում՝ ՀՀ քաղաքացիները ճարահատյալ մարդու իրավունքների այնպիսի տարրական դրույթների խախտումների համար են հասնում ՄԻԵԴ, որ մեզ մնում է ենթադրել, որ այս մարդիկ կա՛մ տգետ են և ոչինչ չգիտեն իրավաբանությունից, կա՛մ էլ չափազանց ստոր ու կաշառակեր են։
Նշեմ, որ շատ կարճ ժամանակում ՄԻԵԴ-ը բազմաթիվ տույժեր է կիրառել Հայաստանի ճիվաղ դատական համակարգի անառողջ դրսևորումների համար։ Այդ տասնյակ հազարավոր եվրոները մենք վճարում ենք մեր պետական բյուջեից, այսինքն՝ տգետ կամ կաշառակեր դատավորի սխալ որոշման դիմաց ոչ թե այդ նույն դատավորն է վճարում, այլ մենք՝ շարքային քաղաքացիներս։ Իսկ քանի դեռ մեր արդարադատությունն այսպիսին է, այս դատավորները նույնպես անպատիժ են մնալու։