Կյանքիս մեջ առաջին անգամ նախագահ եմ ընտրելու և արդեն որոշել եմ` ում


21:58 , 16 փետրվար, 2013

Միշտ խուսափել եմ քաղաքական կոմենտարիաներ անելուց, քաղաքական հարցերի մասին դատողություններս բարձրաձայն արտահայտելուց (չնայած կարծում եմ` կարծիքներս երբեմն շատ այլ բարձրաձայնողներից ավելի սրտացավ ու մտածված ու հիմնավորված են եղել ). մտածել եմ` բավական գիտելիք, փորձ ու ճանաչողություն չունեմ: Բայց էսօր մի տեսակ ուզում եմ խոսել` չնայած խոսքս լինելու է իռացիոնալ եւ ոչ այդքան ռացիոնալ (դա կմնա մյուս նախագահական ընտրություններին ))): Ինձ համար շատ լուրջ, լարված, շատ պատասխանատու պահ է, նման օրինակ` ամուսնության առաջարկ ընդունելու որոշմանը. կյանքիս մեջ առաջին անգամ ՆԱԽԱԳԱՀ եմ ընտրելու, ու էնքան եմ լարվում, կարծես հենց իմ ձայնից է կախված, թե ով կլինի երկրի նախագահ, իմ ձայնով կորոշվի մի ամբողջ ժողովրդի կյանք, ՍԽԱԼՎԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ…
Ասեմ, որ լրջորեն ուսումնասիրել եմ բոլոր թեկնածուների ծրագրերը, հետեւել եմ նրանց քարոզարշավին, ուսումնասիրել եմ նրանցից շատերի կենսագրությունը, տեսել եմ` շատերի արած-չարածը (ինչ մեղքս թաքցնեմ` համալսարանական աշխատանքիս պահանջ էր նաեւ) եւ այլն, որոշել եմ եւ երեւի պիտի գաղտնի պահեի, բայց ասեմ` իմ նախագահի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է… ու որոշումս ամրապնդվել է հատկապես մի տեսարանի ականատես լինելուց հետո. Արարատ քաղաքի բանկերից մեկում էի, աչքիս առջեւ են ապառիկի հոգսերից տանջված, դրսի միակ եկամտի աղբյուրի կողմից փոխանցված գումարին սպասող մարդկանց դեմքերը, եւ բանկ մտավ Րաֆֆի Հովհաննիսյանը. մի քանի վայրկյան մնաց թեկնածուն բանկում, միայն բարեւեց ))) հաջողություն մաղթեց բոլորին, արագ դուրս եկավ. իսկ ներսում զսպված ուրախություն ու տրամադրության փոփոխություն եղավ, մարդկանց աչքերում հույսի եւ պատկառանքի զգացում տեսա: Թող սենտիմենտալ թվա, բայց ես ուզում եմ նախագահ, որ նաեւ կարողանա փոխել տրամադրություն եւ ի վերջո նաեւ տրամադրվածություն ապագան, կյանքը փոխելու: Այդ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի:
Փետրվարի 18-ին կյանքիս մեջ առաջին անգամ ՆԱՀԱԳԱՀ եմ ընտրելու, ու սա շատ պատասխանատու եւ լարված պահ է ինձ համար, լուրջ եւ երկար մտածված որոշում...