18:47 , 16 փետրվար, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավի շրջանակներում ունեցած ելույթում հայտարարել է, որ երկրում սահմանադրական հեղափոխություն է տեղի ունենում և դրանում ակտիվ մասնակցություն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը:
Արդեն առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն իր բազմաթիվ էլեմենտներով տարբերվում էր մնացած թեկնածուների արշավներից: Հենց միայն նրանով, որ դրանում գերիշխում էին վերջին տասնամյակում Հայաստանում տեղի ունեցած քարոզարշավներից էապես տարբերվող քաղաքական տեխնոլոգիաներ. նոր մոտեցումներն ու նրբերանգներն ընդգծված էին: Դրանից զատ, չնայած իշխանություններին ուղղված կտրուկ հայտարարություններին՝ Րաֆֆին շատ ընդդիմադիր գործիչներից տարբերվում է նրանով, որ քննադատությունն անձնական հարթություն չէր տանում, «հայհոյանքը» որպես զենք չէր կիրառում՝ առաջին պլան մղելով բարոյականության գործոնը:
Գործող նախագահն էլ տարբեր առիթներով հայտարարում էր, որ իր առաջին խնդիրներից մեկը հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումն է՝ ժամանակ առ ժամանակ մեսիջներ հղելով քաղաքական դաշտին: Կարելի է ենթադրել, որ գործող նախագահն իր ելույթով պատասխանեց այն թեկնածուների ժեստերին, ովքեր ևս մերժում են «հայհոյանքը», բռնությունն ու ապակառուցողականությունը: Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր ու հեռակա երկխոսություն ծավալվեց, որի թիվ մեկ նպատակը քաղաքական բանավեճը, տարբեր հարթություններում, ծրագրերի ու գաղափարների շուրջ ծավալելն է: