Մա´յր, սրբություն ամենասուրբ


18:01 , 16 փետրվար, 2013

            «Մոր սիրտը հրաշքի անմար աղբյուր է »

                                                Պ. Բերանժե

  Թերևս այս խոսքերով սկսեմ շարադրել մտքերս այն սուրբ անձնավորության մասին, ով կոչվում է «Մայր»:

Ո՞վ է նա: Կարծում եմ՝ բոլորդ կպատասխանեք, որ ամենակարևոր մարդն է ձեր կյանքում: Համաձայն եմ, քանզի այս բառի տակ թաքնված է մի աստվածային զգացմունք, սեր, գորովանք, քնքշանք, որը հասու է միայն մայրերին: Նրանք սիրում եմ անշահախնդիր, պատրաստ են իրենց կյանքը տալ զավակներին: Մաքսիմ Գորկին ասել է. «Օրորող ձեռքը ղեկավարում է աշխարհը»: Իհարկե, չէ՞ որ նրա կրծքի տակ  արդեն զգում ենք նրա անսահման ջերմությունը:

     Սակայն միայն երեխա լույս աշխարհ բերելը չի նշանակում, որ դարձել ես մայր: Որոշ կանայք մտածում են, որ երեխա ունենալը և մայրանալը նույն հասկացություններն են: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ նույնն է ունենալ ռոյալ, բայց լինել դաշնակահար:

            Վերջերս ինձ համար բացահայտել եմ մի փաստ, այն է` կյանքում մենք մոռանում ենք շատ դեպքեր ու դեմքեր, բայց մեր մայրերին, նրա հեզ ու աստվածային կերպարը երբեք չեն մոռանում: Ինչո՞ւ: Որովհետև «Իսկական մայր» տիտղոսին հասնելու համար կինը երկար ճանապարհ է անցնում, շատ զրկանքներ կրում:

            Իմ մայրը նվաճել է այդ տիտղոսը: Ես ունեմ երեք եղբայր, որոնք ամեն վայրկյան կողքիս են,  սատարում են ինձ: Իսկ այս ամենի համար շնորհակալ եմ նրան, իհարկե նաև հայրիկիս))

            Մասնագիտություն ստանալու նպատակը ինձ հեռացրել է նրանից, բայց ես միշտ նրա հետ եմ հոգով, նրա կողքին եմ ամեն վայրկյան: Ամեն անգամ նայելով նրա նկարին՝ ակամա սկսում եմ խոսել նրա հետ, սակայն չգիտեմ ինչու այս խոսքերը չեմ կարող արտահայտել նրա առջև. «Մազերդ սպիտակում են, դեմքիդ հայտնվել են փոքրիկ կնճիռներ, որոնք քո դժվարին պաշտոնի առհավատչյան են: Աչքերիդ մեջ դեռ վառվում է այն անհատակ լույսը, որով դու պարուրել ես ինձ: Այնպես եմ կարոտել այն հացը, որը քո ձեռքերով էիր թխում: Երբ մի պահ ետ եմ նայում, հիշում եմ, թե ինչ չարաճճի եմ եղել, ինչքան եմ տանջել, նեղացրել, հակառակվել քեզ, բայց դու երբեք, երբեք չես մտածել անգամ պաշտպանվելու մասին, միշտ ժպտացել ես և ցույց տվել, որ ամեն ինչ լավ է: Ես նայել եմ քո աչքերին և հասկացել, որ  ինձ ներել ես: Այդ զգացումը կա նաև հիմա: Այժմ էլ դու պատրաստ ես ներել քո զավակների սխալները, որովհետև դու մայր ես, որովհետև այն սիրտը, որն ունի մայրը` չունի ոչ ոք: Երանի հիմա կողքիս լինեիր, համբուրեի քո` տարիների աշխատանքից կոշտացած, բայց ինձ համար մետաքսի պես նուրբ ձեռքերդ ու ասեի. «Ես կարդարացնեմ քո հույսերը, կդառնամ քեզ արժանի զավակ և լավ մարդ` ինձ նվիրած կյանքի ու սիրո փոխարեն»:

            Խնդրում եմ, սիրեք ձեր մայրերին, նրանք ձեր կարիքը շատ ունեն: Միշտ հիշեք, որ նա զոհել է իր երիտասարդությունը, իր կյանքը հանուն ձեզ, հանուն ձեր սրտի բաբախի: Համբուրե´ք  նրա ձեռքերը և ինչ էլ լինի մի´ նեղացրեք նրան: