Ստալինգրադ. 7-ը 30 հազարից


17:26 , 16 փետրվար, 2013

Փետրվարին նշվեց Ստալինգրադի ճակատամարտի 70-րդ տարելիցը:

Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են 30 հազար հայեր, որոնցից 10 հազարը տուն չվերադարձավ: Այսօր Հայաստանում շարունակում են ապրել Ստալինգրադը վերապրած 58 վետերաններ: Սակայն «Մոսկվայի տան» կողմից կազմակերպված մեծարման երեկոյին կարողացան ներկա գտնվել միայն 10-ը…

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը հանդիպել են Ստալինգրադի 7 վետերանների հետ` նրանց տալով միայն մեկ հարց` ի՞նչն էր ամենավախենալուն այդ ճակատամարտում:

Ավագ սերժանտ Ռոզալիա Սերգեի Աբգարյան, 89 տարեկան 
Վիրավորվել է երկու անգամ, ունի  25 մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Պատերազմում ամենից վախենալուն ռմբակոծություններն ու կրակոցներն էին: Բայց մի բան էլ կար, որ այսօր ծիծաղելի է թվում` երբեմն գերմանացիների` ցածր թռչող ինքնաթիռները մահացու ռումբերի փոխարեն դատարկ տակառներ էին ցած նետում: Այդ ձայնը սարսափելի էր:

Ավագ սերժանտ Արմենակ Համբարձումի Այվազյան, 88 տարեկան
Բազմիցս թեթեւ վիրավորվել է, ունի 30 մեդալ ու շքանշան 


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ամենից վախենալուն առաջին ռումբն էր` սարսափելի էր: Իսկ հաջորդ օրվանից ռմբակոծություններն ու կրակոցները սովորական դարձան: Բայց մինչ օրս` ամեն առավոտ ու երեկո ականջներիս մեջ պայթյունների ձայնն եմ լսում:

Սանիտարական գնդի հրամանատար Սուրեն Իվանի Ստեփանյան, 88 տարեկան
Երբեք չի վիրավորվել, ունի  32 մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Երբեւէ ոչնչից չեմ վախեցել: Պատերազմի հենց առաջին օրը դիպուկահարների կրակի տակ ընկա, զինակիցներիս ասացի`«Չեմ մահանալու եւ որեւէ վերք չեմ ունենալու, ով կենդանի մնա, կհամոզվի»: Այդպես էլ եղավ: Ոչ մի գերմանացի չեմ սպանել` ես բժիշկ եմ ու իմ պարտքն էր մարդկանց կյանքերը փրկել:

Գնդապետ Սուրեն Երեմի Հովհաննիսյան, 93 տարեկան 
Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ, վիրավորվել է երկու անգամ, ունի 50-ից ավելի մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Պատերազմում ամեն ինչն էր վախենալու էր: Բայց ես հպարտանում եմ, որ փետրվարի 2-ին՝ Ռեյխստագում, բարձրացրինք Հայաստանի դրոշն ու քոչարի պարեցինք:

Գնդապետ Գերասիմ Մնացականի Հարությունյան, 89 տարեկան
Վիրավորվել է երեք անգամ, ունի  50-ից ավելի մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մեզ համար վախենալու ոչինչ չկար, որովհետեւ հայրենիքն էինք պաշտպանում: Մենք պարզապես հավատում էինք, որ հաղթելու ենք:

Գնդապետ Պերճ Թադեւոսի Սողոյան, 87 տարեկան
Վիրավորվել է երկու անգամ, ունի  41 մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ամենից վախենալուն գերիներն էին:

Գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյան, 89 տարեկան
Հայաստանի վետերանների միության նախագահ, վիրավորվել է երեք անգամ, ունի  42 մեդալ ու շքանշան


Լուսանկարը՝ Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Ամենից վախենալուն առաջին ռումբն էր: Դրանից հետո ոչնչից չէինք վախենում, որովհետեւ գիտեինք՝ այսօր կանք, վաղը չկանք:

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)
Լենա Գեւորգյան (տեքստ)