20:01 , 16 փետրվար, 2013«»
2007թ.-ին նա «Եվրատեսիլի» բեմից գովերգում էր իր Մարիային` վերջինիս համեմատելով Աֆրոդիտեի և Կլեոպատրայի հետ: Նրա սիրո խոստովանությունը, կարծես թե, հասավ ոչ միայն Մարիային, այլև մի շարք եվրոպացի աղջիկների, ում ձայների շնորհիվ էլ մրցույթում Հունաստանի ներկայացուցիչ Սարբելն իր «Yassou Maria» երգով հայտնվեց 7-րդ հորիզոնականում: Այս երգն, իսկապես, հիթ դարձավ «Եվրատեսիլի» երկրպագուների համար, իսկ Սարբելը` ամենասիրելի արտիստներից մեկը:
Ներկայացնում ենք մեր բացառիկ հարցազրույցը «Եվրատեսիլ 2007»-ի աստղի հետ:
-Սարբե՛լ, քանի՞ տարեկանից ես սկսել երգել և ի՞նչ ոճի երաժշտություն ես նախընտրում:
-Երգել սկսել եմ դեռ 4 տարեկանից: Երգում էի Անգլիայի ազգային օպերայում և մայրաքաղաք Լոնդոնում գտնվող «Royal Opera House»-ում: Ինձ համար ոգեշնչման աղբյուր էին ծառայում Լուչանո Պավարոտտին և Մադոննան: Սիրում եմ երաժշտական բոլոր ժանրերը` դասական, փոփ, քանթրի, ինչպես նաև սիրում եմ հունական, հայկական, թուրքական և հնդկական երաժշտություն:
-Շատերը մինչ օրս տպավորված են «Եվրատեսիլ 2007»-ի քո ելույթով: Արդյո՞ք հնարավոր է՝ կրկին ներկայանաս մրցույթում: 
-Երբ առաջին անգամ Հունաստանի կողմից մրցույթին մասնակցելու առաջարկ ստացա, մերժեցի, քանի որ ես մեծացել եմ Լոնդոնում, իսկ այնտեղ «Եվրատեսիլին» մի փոքր հումորով և անլուրջ են վերաբերվում: Բայց, երբ երկրորդ անգամ ստացա նույն առաջարկը, որոշեցի փորձել ուժերս, չնայած, գիտեի, որ դժվար է լինելու` հաշվի առնելով քվեարկության այն մոդելը, ըստ որի հարևան երկրները քվեարկում են միմյանց օգտին: Մրցույթում ես 7-րդ հորիզոնականը զբաղեցրի, ինչը շատ լավ էր, քանի որ այդ տարի մրցակցությունը չափազանց մեծ էր: Մեծ հաճույքով կրկին կմասնակցեմ «Եվրատեսիլին», եթե ունենամ լավ երգ, միգուցե նաև ներկայացնեմ այլ երկիր` Լիբանան կամ Անգլիա, ինչո՞ւ ոչ, նաև Հայաստան,-Armstar.am-ին ասաց երգիչը:
-Իսկ կա՞ eվրատեսիլյան մի կատարում, որն ամենաշատն ես հավանում:
- Երբ նրանք հաղթեցին «Եվրատեսիլում», ես դեռ ծնված չէի, բայց իմ մեջ ամենաշատը տպավորվել է «ABBA»-ի ելույթը: Նրանց երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Մյուս արտիստը, ում կցանկանայի առանձնացնել, Սելին Դիոնն է: Նա մեր օրերի ամենահրաշալի կանացի ձայներից մեկն է:
-Քանի որ «Եվրատեսիլում» որոշակի փորձ ունես, հետաքրքիր է իմանալ քո կարծիքը մեր այս տարվա ներկայացուցչի` Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանի մասին:
-Ես դիտեցի Գոռի տեսահոլովակներից մեկը «This is Our World») և կարծում եմ նա հրաշալի ձայնային տվյալներ ունի: Ինձ շատ դուր եկավ այս երգը, բայց ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», ապա կարծում եմ` այս ոճի երգը ճիշտ չէր լինի «Եվրատեսիլի» համար…մրցույթին ավելի շատ սազում են կոմերցիոն երգերը,-ArmStar.am-ին անկեղծ պատասխանեց Սարբելը: Ինչ վերաբերում է այս խմբին, ապա կարծում եմ, որ նրանց հրաշալի ապագա է սպասվում և, ո՞վ գիտե, միգուցե մի օր ես և Գոռը միասին դուետով հանդես գանք, որը կլինի հունարեն, անգլերեն կամ հայերեն: Ես նրանց մեծ հաջողություն եմ ցանկանում:
-Դու շատ երկրպագուներ ունես: Որևէ հետաքրքիր դեպք կպատմե՞ս նրանց հետ կապված:
-Ես շատ եմ սիրում համերգներով հանդես գալ Կիպրոսում, բայց քանի որ այնտեղ ճանաչված եմ, դժվարությամբ եմ փողոցում զբոսնում: Մի անգամ, երբ ես փորձի էի, երկրպագուներս ներխուժեցին իմ սենյակ: Նրանք ոչինչ չէին վերցրել, պարզապես լուսանկարել էին իմ կոշիկները և այդ լուսանկարները տեղադրել էին համացանցում: Առհասարակ, ես կոշիկների մեծ հավաքածու ունեմ և իմ համերգների ժամանակ երկրպագուներս անհամբերությամբ սպասում են, թե ինչ կոշիկ եմ կրելու բեմի վրա:
-Իսկ ի՞նչ նորություններով ես հանդես գալու մոտ ապագայում: 
-Վերջերս նոր երգ եմ թողարկել, որը կոչվում է «Proti Ptisi», ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «Առաջին թռիչքը»: Սա պարային երգ է: Շրջագայություններով հանդես եմ գալու Դուբայում, ԱՄՆ-ում, պայմանավորվածություն կա նաև Ավտրալիայի հետ: Կցանկանայի նաև համերգներով հանդես գալ Հայաստանում, այնպես որ, եթե այդտեղ առաջարկներ լինեն, ապա կարող են կապվել իմ թիմի հետ: Երբեք չեմ եղել Հայաստանում, բայց այն իմ` 2013 թ.-ի ցուցակի մեջ է:
-Ի դեպ, ArmStar.am-ի միջոցով կարող ես քո խոսքն ուղղել հայ երկրպագուներիդ:
-Շնորհակալ եմ իմ հայ երկրպագուներից, ովքեր ինձ տարիներ շարունակ աջակցում են: Ես շատ էլեկտրոնային նամակներ եմ ստանում նրանցից և ինձ համար պատիվ է այն, որ այդտեղ սիրում են իմ երաժշտությունը: Ես` ինքս, սիրում եմ հայկական երաժշտությունը, քանի որ կարծում եմ` այն շատ նման է իմ մշակույթին: Գիտեմ, որ հայերն աշխարհի ամենահյուրասեր ազգերից են: Միգուցե տեսնվենք 2013 թ-ին: Լավ մնացեք…
Լավագույն մաղթանքներով` Սարբել
Լուսանկարները` Սարբելի անձնական արխիվից.

