13:06 , 16 փետրվար, 2013
Վաղը լռության օր է: Իմ ընտրության վերաբերյալ հիմնավորումը անում եմ այսօր՝ ծանր ու թեթև անելով թե՛ քարոզարշավի ընթացքում ստացված տպավորություններս, թե՛ «Ժառանգության» և մյուս քաղաքական ուժերի հետ շփման անձնական փորձս:
Այն, որ գնալու էի ընտրության, նույնիսկ եթե նախընտրած թեկնածու չունենայի, անկասկած է: Գնալու էի իմ ՈՉ-ը ասելու անցած 5 տարվա ընթացքում քայքայված նյարդերիս, Մաշտոցի պուրակում, Փակ շուկայի մոտ սառած ու ջղայնությունից դողացող ձեռքերիս ու ոտքերիս, անպատիժ ման եկող «պուզատիներին», միևնույն ժամանակ չափազանց խիստ պատիժ ստացած Տիգրան Առաքելյանին, բիզնեսի հնարավորությունը կորցրած ընկերոջս, հեռուստաեթերից երեխաներիս վրա թափվող աղբին, իսկ ամենակարևորը՝ 2008-ի կեղծած ու դառը հետևանքներ ունեցած ընտրություններին: «ՈՉ»-իս պատճառները շատ են, թվարկելու համար երկար ժամանակ կպահանջվեր: Ուստի հիմնավորեմ «ԱՅՈ»-ս, որը տալիս եմ Րաֆֆի Հովհաննիսյանին:
1.Լինելով ժողովրդավար և ՕՐԵՆՔԻ երկրի համար պայքարող՝ ձայնս տալիս եմ ի ծնե իրական ժողովրդավարության արժեքները կրողին և դրանք իր իսկ շրջապատում կիրառողին, մասնագիտությամբ իրավաբանին, ով գիտի, թե ինչ է ՕՐԵՆՔԸ և ինչպես ապահովել օրենքի առջև ԲՈԼՈՐԻ հավասարությունը:
2. Լինելով մարդակենտրոն, այլ ոչ թե կուսակցակենտրոն՝ ձայնս տալիս եմ բոլոր քաղաքական ուժերին հարգող, լավն ու վատը, ոչ թե «իշխանամետ կամ ընդդիմադիր» լինելու հանգամանքով, այլ կատարված քայլերի հիման վրա գնահատող Րաֆֆի Հովհաննիսյանին, ով կկարողանա ձևավորել կառավարման համակարգ, որտեղ պաշտոն կզբաղեցնի ԱՐԺԱՆԻՆ՝ անկախ նրա կուսակցական հայացքներից: Գլխավոր պայմանը կլինի՝ «ապացուցի աշխատանքովդ և ապրելակերպովդ, որ ՕԳՈՒՏ ԵՍ տալու երկրիդ, այլ ոչ թե սեփական գրպանիդ»:
3. Լինելով անկախ և չկապված ձեռքերով բլոգեր՝ ձայնս տալիս եմ նախորդ ռեժիմների առջև որևէ պարտավորություն չունեցող, նրանց օլիգարխներից կախում չունեցող, նրանց հետ ընդհանուր գաղտնիքներ չունեցող Րաֆֆի Հովհաննիսյանին:
4. Որպես ազատ և միևնույն ժամանակ կարգապահ երեխաներ դաստիարակող մայր՝ ձայնս տալիս եմ մեկին, ով առաջին իսկ հանդիպմանը, երբ առաջարկ արեց ինձ ընդգրկել նախընտրական ցուցակում, ժպիտով, բայց բավականին կոշտ ասաց. «Ես վստահ եմ, որ կկարողանաս ներուժդ օգտագործել՝ իրականացնելու այն, ինչի մասին գրում էիր բլոգումդ, բայց, սիրելի Իզաբելլա, ուզում եմ, որ գիտակցես հետևյալը՝ եթե փորձես ժամավաճառությամբ զբաղվել, մանդատդ օգտագործել սեփական նեղ շահերի համար, գործ կունենաս անձամբ ինձ հետ»: Այսպիսի մոտեցումն է, որ, իմ պատկերացմամբ, պետք է ցուցաբերի կառավարողը՝ լինի ձեռնարկության թե երկրի:
5. Տարիներ շարունակ համացանցում կռիվերի մեջ լինելով թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ուսումնասիրելով նաև այլ ազգերի վերաբերմունքը երկրիս ու ժողովրդիս հանդեպ՝ ձայնս տալիս եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով թե՛ իր կրթությամբ, թե՛ իր տեսակով պատիվ կբերի Հայաստանին միջազգային հարթակներում: Այստեղից բխում է նաև հաջորդ կետը:
6. Ունենալով ռուսական կրթություն, վարելով ռուսալեզու բլոգ, լինելով ռուսալեզու գրող, միևնույն ժամանակ լինելով ֆրանսերենի մասնագետ և տարիներ շարունակ աշխատելով եվրոպացիների հետ ու լավ ծանոթ լինելով նրանց արժեհամակարգին՝ ձայնս տալիս եմ մեկին, ով գնահատելով այլոց արժեքները՝ ամենից բարձր է դասում ԱԶԳԱՅԻՆ շահը և կծառայի հանուն Հայաստանի ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ամրապնդման՝ միևնույն ժամանակ ավելի դյուրին դարձնելով մեր երկրի ինտեգրումը քաղաքակիրթ ու ժողովրդավար համակարգին:
7. Սիրելով հայրենի հողը ու պայքարելով իմ երեխաներին առողջ միջավայր ապահովելու համար՝ ձայնս տալիս եմ նրան, ով սատար է կանգնել էկոլոգիական և հանքարդյունաբերական վնասակար քաղաքականության ԴԵՄ պայքարողներին՝ հետագայում որևէ քաղաքական աջակցություն չպահանջելով նրանցից:
8. Մասնագիտության բերումով հաճախ շփվելով Սփյուռքի ներկայացուցիչների հետ ու քաջ գիտակցելով նրանց մտահոգությունը և Հայաստանում նրանց առնչված խոչընդոտները՝ ձայնս տալիս եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով կվերադարձնի Սփյուռքի վստահությունը և կամրապնդի սփյուռքահայերի կամքը՝ սատար կանգնելու Հայաստանի Հանրապետությանը՝ կատարելով ներդրումներ և ոտքի հանելով մեր գյուղերը և քաղաքները:
9. Ունենալով համոզմունք, որ Արցախյան պատերազմում մեր արյան գնով ազատագրած հողակտորի յուրաքանչյուր սանտիմետր ՄԵՐՆ Է՝ ձայնս տալիս եմ ԼՂՀ-ն՝ իր ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ անկախ երկիր ճանաչողին:
Գիտեմ, որ կարձագանքեք՝ «Արցախը պետք է լինի Հայաստանի անբաժանելի մաս»: Այո, համամիտ եմ: Բայց միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը այս գործընթացում անխոցելի դարձնելու համար ճիշտ եմ համարում հետևյալ սխեման. ԼՂՀ-ն ճանաչվում է որպես անկախ պետություն, այնուհետև Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով ԻՐ ԿԱՄՔՆ է արտահայտում՝ միանալ Հայաստանին:
10. Որպես այլոց շահագործման միջոցով կրակից շագանակներ հանողների հանդեպ անհանդուրժող վերաբերմունք ունեցող մարդ՝ ձայնս տալիս եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իրեն դրսևորել է որպես անձնազոհ և պատասխանատվությունը իր վրա վերցնող մարդ՝ չվախեցող ընդունել սեփական սխալները և դրանք չբարդելով այլոց վրա: Րաֆֆին անթերի չէ, ընդունում է դա, ինչը նրան ինձ համար էլ ավելի հարգանքի արժանի մարդ է դարձնում:
Հնչեցրածս կետերին հղում անելով՝ ավելացնեմ, որ հարգում եմ և վստահում նրան և վստահ եմ, որ իր բոլոր քայլերում Րաֆֆին առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացու շահերով: Նա չի վախենում պիտակավորվել, քմծիծաղի առարկա դառնալ, շատերի համար անհասկանալի քայլեր անել, որովհետև գիտի, որ իր որոշման, իր քայլի հիմքում երկրի ու ժողովրդի շահն է՝ նաև այն երկրի ու ժողովրդի, որը պետք է հաջորդ սերունդների օրոք ներկայանա համաշխարհային հարթակում: Րաֆֆին երբեք չի փնովի Հայաստանը և մեր երկրի դիրքերը չի թուլացնի միջազգային հարթակներում՝ լինի իշխանության, թե ընդդիմության ղեկավար: