Ինչ նոր հաղորդում է վարելու Լուիզա Ղամբարյանը


11:15 , 10 սեպտեմբեր, 2016

BlogNews.am-ն արդեն պատմել է  Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մասին. հեռուստադիտողն այս եթերաշրջանում կտեսնի նաև Լուիզա Ղամբարյանին, ով վարելու է «Կյանքը ափի մեջ» հաղորդաշարը, որն իր ձևաչափով հյուրասրահ է, որտեղ կհյուրընկալեն տարբեր ոլորտների և հետաքրքրությունների մարդկանց և նրանց հետ անկեղծ զրույց կծավալեն:

«Իրականում սա ինձ համար սպասված առաջարկ էր, որի համար շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը: Սա սովորական հաղորդում չէ ինձ համար, սա սովորական հարց ու պատասխան չէ, այլ անկեղծ զրույց է երկու մարդկանց միջև, փորձ` հանրային մարդու ներաշխարհը բացահայտելու, թաքուն կողմերը նորովի ներկայացնելու: Սենսացիա անելը հաղորդման շրջանակում ինքնանպատակ չի լինի: Ես կփորձեմ ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հյուրը բացվի: Անկեղծությունը կլինի հաղորդման մեխը. շփումը պետք է լինի առավելագույնս անմիջական, իսկ զրույցի ընթացքում կյանքը կներկայացվի ափի մեջ»:

Լուիզայի խոսքով՝ հեռուսատատեսային դադարից հետո սա այն հաղորդումն է, որին սպասել է. «Ես երկար ժամանակ հրաժարվել եմ հեռուստատեսային գործունեությունից, որը եղել է նեղ մասնագիտական՝ որպես դերասանուհի: Սա այն ձևաչափն է, որտեղ կարող եմ լինել որպես հաղորդավար: Եթե լիներ այնպիսի ձևաչափ, որում ինձ չպատկերացնեի, վստահաբար կմերժեի. ես այլևս սխալվելու իրավունք չունեմ: Հուսով եմ, որ այն կլինի որակյալ, ազնիվ, արժանի լսարան ապահովող հաղորդում»:

Լուիզան նշում է, որ հաղորդման պատրաստման գործընթացում մի մեծ թիմ է աշխատում. «Շատ լավ թիմ ունենք, և յուրաքանչյուրը սիրում է իր աշխատանքը և հարգում ընդհանուրի աշխատանքը՝ սկսած պրոդյուսերից վերջացրած տաղավարը պատրաստող վարպետներով, յուրաքանչյուրն իր տեղում է: Ես ստեղծագործական խմբի հետ մասնակցում եմ հյուրերի ընտրության, հարցեր կազմելու ընթացքին»:

Հաղորդման հյուրերը պատահական մարդիկ չեն լինի: Հյուրընկալվելու են նրանք, ովքեր ունեն կենսագրություն, վաստակ, ում կներկայացնենք իրենց թաքնված կողմերով, որոշ բարդույթներով, թուլություններով: «Տարբերվելու նպատակ ի սկզբանե չկա, հեռուստատեսության ոլորտում հեծանիվ բացահայտել, արտառոց բաներ անել, թերևս, որեւէ մեկին չի հաջողվի: Ըստ իս՝ ամեն ինչ արված է այս ոլորտում, էլ չեմ ասում, թե ինչքան արագ է այն զարգանում: Ինչ վերաբերում է հաղորդմանը սպասելուն, ապա մեր հաղորդումը կգրավի այն մարդկանց, ովքեր անկեղծ, գեղեցիկ մթնոլորտում զրույցի ականատես կուզենան լինել: Եթե հաջողվի հաղորդման հյուրին նորովի բացահայտել գոնե տաս տոկոսով, ապա ես ծրագիրը հաջողված կհամարեմ»:

Իսկ այն հարցին՝ հնարավոր է մի օր տաղավարում հյուրընկալի ամուսնուն` բժիշկ Գեորգի Կիմիչին, և ինչ հարցեր կտա նրան, Լուիզան այսպես պատասխանեց. «Եթե ամուսինս հյուրընկալվի հաղորդմանը, ապա հնարավոր է՝ տեղերով փոխվենք. նա կսկսի ինձ հարցեր տալ (ծիծաղում է): Կարծում եմ` բավական առանձնահատուկ, հետաքրքիր տարբերակ կլինի: Հնարավոր է, ինչու ոչ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` «Առաջին ալիքի»