Նախընտրական կրկես. թեկնածուների գեղեցիկ երազանքները ծրագրերում


12:16 , 16 փետրվար, 2013

Նախընտրական կրկես. Թեկնածուների գեղեցիկ երազանքները ծրագրերումՀաշվի առնելով 2013թ.–ի ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուներին և քաղաքական մի շարք ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունները՝ տպավորությունն այնպիսին էր, որ «ընտրարշավն իրեն զգացնել չի տալու»։ Թվում էր՝ ընտրություններն անցնելու են առանց մրցակցության, լարվածության ու, ինչն ամենակարևորն ու աննախադեպն է՝ ընտրակաշառք բաժանելու, քանի որ դրա համար չկային ոչ միայն դրդապատճառներ, այլև թեկնածուներից ոմանք ուղղակի չունեին դրա հնարավորությունը։

Ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում էր, եթե կեսից չվերածվեր կրկեսի և բառիս բուն իմաստով հիվանդ ու վիրավոր ընտրությունների։ Ընդ որում, այս ամբողջ կլոունադայում, որը կամաց–կամաց վերածվում է շատ փոքր բյուջե ունեցող անորակ դետեկտիվային ժանրի ֆիլմի, ընդհանրապես հետին պլան են մղվում թեկնածուների գաղափարները, նախընտրական ծրագրերը։ Ընդհանրապես, ՀՀ ընտրությունները՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, երբեք էլ աչքի չեն ընկել ծրագրային ու գաղափարական պայքարով, բայց դրանք երբեք աչքի չեն ընկել նաև շոումենների այս աստիճան բազմությամբ։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թեկնածուներից մեկի հացադուլը ռեալիթի–շոու էր անվանել, սակայն այդպիսին կարելի է անվանել ընտրությունների ողջ ընթացքը։ Անդրադառնանք թեկնածուներից 4–ի՝ Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրերի սոցիալ–տնտեսական դրույթներին, քանի որ այդ հարցերն ամենաշատն են հուզում հանրությանը։ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը խոստանում է, որ բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը շարունակական են լինելու, իսկ տեղական ու օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն ու օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի։ Հուսանք՝ այս դրույթն իսկապես ի կատար կածվի, այլապես օտարերկրյա խոշոր ներդրող՝ «Carrefour»–ի հետ տեղի ունեցածը հակառակն է վկայում։ Նախագահը նշում է, որ առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվելու նոր բիզնես հիմնելու նախաձեռնություններին և տնտեսական առաջընթացը պայմանավորված է լինելու ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմամբ։ Հարկ է նշել, որ ձեռնարկատիրական ակտիվությունն այսօր էլ առկա է, սակայն դրա զարգացումը կախված է իշխանության հովանավորյալ մի շարք մենաշնորհներից, որոնք շուկայում տեղ չեն տալիս ավելի մանր տնտեսվարողներին։ Հատկանշական է, որ նախագահը վերանայել է մոտեցումն աղքատության խնդրին՝ հասկանալով, որ «նպաստներով և սոցվճարներով աղքատությունը հաղթահարելի չէ, պետք է հաղթահարել աղքատությունը ծնող պատճառները»։ Այս դիտարկումից հետո ակնկալում ես ծրագրում տեսնել աղքատության հաղթահարմանն ուղղված հստակ քայլերն ու ուղիները, բայց դրա փոխարեն շարունակվում են դեկլարատիվ հայտարարությունները՝ ապահով ընտանիք, արժանապատիվ աշխատանք և այլն։
Ի տարբերություն 2008թ.–ի ծրագրի՝ Սերժ Սարգսյանի 2013թ.–ի ծրագրում տնտեսության և սոցիալ–տնտեսական հատվածում իսպառ բացակայում են թվերը։ Որևէ թիվ՝ աշխատավարձերի, թոշակների, նպաստների և այլն չի նշվում։ Ծրագրում կա դրույթ. «Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստի չափը պետք է լինի խրախուսական...». Ի՞նչ հասկանալ սրա տակ, խրախուսական ասելով Սերժ Սարգսյանը նկատի ունի 50 000, 500 000, թե՞ 1մլն դրամ, կամ միգուցե դոլա՞ր, ոչ թե դրամ... Ընդհանրապես նախընտրական ծրագրերը տարբերվում են քարոզչական թռուցիկներից։ Եթե վերջիններում դեկլարատիվ հայտարարությունները կարող են և պետք է տեղ գտնեն, քաղաքացիներին կարճ մեսիջներ հղելու համար, ապա նախընտրական ծրագրում դրանք տեղ չունեն։ Եթե քաղաքացին ձեռքն է վերցրել թեկնածուի (քաղաքական ուժի ծրագիրը, նա պատավոր է տեսնել այնտեղ հստակ թվեր, սանդղակներ, որոնց ձգտելու է հասնել տվյալ թեկնածուն) ուժը, ուղիներ, որոնցով լուծվելուն են առկա խնդիրները։ Նախընտրական ծրագիրը պետք է բիզնես պլանի նման լինի, իսկ եթե չկա հստակություն՝ ծրագիրն ուղղակի չի հաստատվում։ Եթե այսօր կառավարությանը, այսինքն՝ գործող իշխանությանը, հետևաբար նաև այդ իշխանությունը ներկայացնող թեկնածուին ու իր կողմից ներկայացրած ուժին մեղադրում են նախընտրական խոստումները չկատարելու մեջ, դա չի կարող ծրագրում հստակ թվեր ներկայացնելուց խուսափելու առիթ հանդիսանալ: Քանի որ իշխանությունն այդ քննադատության փորձն արդեն ունի, այսօրվա ծրագրում թվերի բացակայությունը խոսում է հետագայում էլ նմանատիպ քննադատություններից խուսափելու փորձի մասին։ Երիտասարդության ոլորտում գնահատելի է երիտասարդների բնակարանային ապահովման ծրագրերի ծավալների ընդլայնումը, սոցիալապես անապահով երիտասարդների համար նոր սոցիալական բնակարանաշինության ծրագրի մեկնարկը, սակայն, պետք է նշել, որ այսօր էլ երիտասարդներին բնակարանների ապահովման ծրագիրը գործում է, բայց վարկի բարձր տոկոսադրույքների պատճառով ծրագրից օգտվողների թիվն այնքան էլ մեծ չէ: Թվառատ է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը։ Եվ բացի այն, որ Հրանտ Բագրատյանը ծրագրում հիմնական շեշտը դնում է տնտեսական բաղադրիչի վրա, նա հստակ մատնանշում է, թե ինչին պետք է հասնել ու ինչ ժամկետներում։ Օրինակ, բնակչության ազատ՝ սոցիալական մի խմբից մյուսը ազատ տեղաշարժվելու հնարավորությունը Հ. Բագրատյանը խոստանում է լուծել 3 տարում, երկրի ներսում մարզերի համեմատաբար հավասարաչափ զարգացման խնդիրը՝ 5 տարում, որի արդյուքնում 3 անգամ կկրճատվի ներքին միգրացիան։ Նշելով, որ 2008–2012թթ–ին տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում, Հ.Բագրատյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված (մինչև 1.5 անգամ) բարձրացում, միջին աշխատավարձի նկատմամբ։ Նրա ծրագրով, 2017թ կենսաթոշակները կկազմեն միջին աշխատավարձի 38%-ը:
Հրանտ Բագրատյանն առաջարկում է փոխել Կառավարության կողմից ներդրման փուլում գտնվող կուտակային կենսաթոշակային համակարգը։ Նախ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%-ը պետք է ներդրվի հանրապետության ենթակառուցվածքների զարգացման մեջ, երկրորդ` կարգելվի այդ միջոցները իբրև ավանդ օգտագործելը, երրորդ` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նկատմամբ պահանջները կիջեցվեն 3 անգամ, չորրորդ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ձևավորումը կիրագործվի հետևյալ կերպ՝ 5% աշխատողը և 5%` գործատուն։ Պետությունը կվճարի միայն այն դեպքում, երբ ինքը գործատու է։ Ընդամենը մեկ տարում նա խոստանում է հարկային դաշտի փոփոխության արդյունքում ՓՄՁ-երի բում սկսել, հիմնականում՝ մի շարք ընտանքիների ձեռքում գտնվող հարստությունը ցրելու շնորհիվ։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի ծրագրում 2–րդ և 3–րդ երեխաների համար սահմանվող «խրախուսական» չափի նպաստի, Հրանտ Բագրատյանն առաջարկում է 3–րդ երեխայից սկսած մայրերին վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած` 1,5 մլն. դրամի նպաստ։ Բացի այդ, Հ.Բագրատյանն առաջարկում է հարկային բեռի վերաբաշխում միջին և փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես, գերբարձր եկամուտների հատուկ հաշվառում, ընդերքի հանրային տնօրինում, խոշոր գույքի հարկի բարձրացում և այլն։ Բյուջետային քաղաքականության հարցում Հ.Բագրատյանն առաջարկում է սահմանել պետեկամուտների հավաքագրման աստիճանի ամենամյա բարձրացում 1.5%-ով` 2017թ. այն հասցնելով 27.5%-ի։ Հիմնականում մատնանշվում են նաև նշված խնդիրների լուծման ուղիները։ Այսպիսով, քաղաքացին Բագրատյանից պահանջելու շատ բան ունի, ծրագիրն ունի ուղիներ, հստակ ժամկետներ ու դրանք չիրագործելու դեպքում «նախագահ Բագրատյանից» պարտք ու պահանջը բավական շատ է լինելու։ 

Շարունակությունն՝ այստեղ