12:51 , 16 փետրվար, 2013
Fb-ն միակ հարթակն է, որտեղ բացի նախագահից, կարելի է մտքեր արտահայտող այլ հանրապետականների էլ հանդիպել: Չեմ ուզում հավատալ, որ նրանց միակ նպատակը նախագահին քծնելն է և ապագայում Խաչիկյանի օրն ընկնելուց ապահովագրվելը: Եվ քանի դեռ Fb-ի իմ հանրապետական ընկերները չեն անցել մանկության նկարների ցուցադրմանը, որտեղ նրանք Էլեկտրոնիկի մազերով, թոթովագին հայացքով “սոսկայի” փոխարեն ապահով Հայաստանի տեսլականն են ուզում, մի խնդրի մասին եմ ուզում կիսվել նրանց հետ: Խոսքը Carrefour-ի մասին է: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այդ խանութը մտնի, ինչպիսի փոփոխություններ կլինեն մեր մոնոպոլ տնտեսական համակարգում: Եվ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու մինչ այժմ Carrefour-ը տեղ չի գտնում խանութ բացելու համար: Եթե իշխանություններն այնուամենայնիվ խոչընդոտում են Carrefour-ի բացմանը, ապա իմ գործընկերները կհամաձայնեն, որ նրանց բոլոր խոստումները կտրուկ բարեփոխումների և ապահով Հայաստանի մասին` ուղղակի բլեֆ են` ևս հինգ տարի մոնոպոլ գերշահույթ ստանալու ապահովված ուղի:
Վերջիվերջո 21-րդ դարում մեր քաղաքացին իրավունք ունի՞ մրցակցային ձևով շաքարավազ, ձեթ, կոնֆետ, կարագ, հյութեր, լվացքի փոշի ընտրել: Թե՞ միմիայն նախագահի թեկնածուներ…