12:50 , 8 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Այսօր կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս։
Ներկայացնում ենք վարչապետի խոսքն ամբողջությամբ.
«2014 թ մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:
Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան թե առևտրական, դաշնակից թե ընդդիմադիր, շինարար թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ:
Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:
Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը:
Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:
Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:
Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ տարածաշրջանային տնտեսական շոկերը:
Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ