16:00 , 7 սեպտեմբեր, 2016
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում վերլուծում են ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների ընդլայնված ցուցակը։ Պեսկովը նշել է, որ պատժամիջոցային գործերում գլխավոր սկզբունքը, որից ելնում է Ռուսաստանը, փոխադարձության սկզբունքն է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային ցուցակի ընդլայնումը լրջորեն հակասում է զգայուն ոլորտներում երկու երկրների հնարավոր փոխգործակցության թեմաներին, որոնք քննակվել են ՌԴ և ԱՄՆ նախագահների կողմից «Մեծ քսանյակի» շրջանակում։
«Կարելի է ափսոսանք հայտնել, որ երկու նախագահների հանդիպումը ստվերվել է պատժամիջոցների ընդլայնմանն ուղղված նման հավելյալ քայլերով»,- ավելացրել է Պեսկովը։
ԱՄՆ առևտրի նախարարությունը սեպտեմբերի 6-ին ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները՝ համալրելով սահմանափակումների տակ ընկող ընկերությունների ու կազմակերպությունների ցուցակը։ Ներկայումս պատժամիջոցային ցուցակներում ընդգրկված է 81 ընկերություն։