Կարեն Բարսեղյան. «Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»


11:08 , 7 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա մրցավեճից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հայտարարել է, որ իր թիմն արժանի չէր պարտության։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

- Ձեր կարծիքը խաղի մասին:
- Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, երևի կենտրոնացածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, և դա՝ այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ: Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, բայց վստահ եմ և համոզված, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք ու կպայքարենք բարձր տեղերի համար:

- Երկրորդ խաղակեսում թիմը մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ ֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները:
- Ինչ-որ տեղ մարզական բախտը չժպտաց, մյուս դրվագներում դարպասապահը վստահ խաղաց կամ վերջին փոխանցումը չստացվեց: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ նշել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավական լավ էր, բայց պարտվեցինք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ