19:04 , 15 փետրվար, 2013Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ...
Արմանն արդեն երրորդ անգամ էր դիտում «Միլիոնատերը հետնախորշից» օսկարակիր ֆիլմը, երբ լսվեց դռան զանգը: Դռան շեմին կանգնած էր մի երիտասարդ` ալ կարմիր վարդերի գեղեցիկ փունջը ձեռքին:
- Ներեցե´ք, Արման Ասատրյանի բնակարա՞նն է,- հարցրեց երիտասարդը:
- Ա... այո,- զարմացած պատասխանեց Արմանը` մտածելով` ի՞նչ է, մի՞թե այս ծաղիկներն իր համար են:
- Սա` ձեզ, եթե դեմ չեք, պատվիրատուի խնդրանքով լուսանկարեմ ծաղիկների հետ, լա՞վ: Մեր կազմակերպությունը կուղարկի Ձեր լուսանկարը պատվիրատուին, որպեսզի նա համոզվի, որ ծաղկեփունջը ճիշտ հասցեատիրոջն է հասել:
Արմանն անակնկալից դեռ ուշքի չէր գալիս. ո՞վ կլինի վարդերն ուղարկողը: Դեռ չհասցրեց որևէ պատասխան տալ, լսվեց լուսանկարչական ապարատի չրխկոցը: Լուսանկարվեց, շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ: Առաջին անգամ էր նման անակնկալ ստանում` այն էլ ծաղկեփնջի տեսքով: Վայրկյաններ անց նրա համար ամեն ինչ պարզ էր: Լավ էր, գոնե ծաղկեփունջն անանուն չէր. դրա հետ նաև փոքրիկ բացիկ կար, որտեղ հակիրճ գրված էր. «Շնորհավորում եմ պրեմիերայիդ կապակցությամբ: Հավերժ` քո Յուլյա»:
Արմանը համակրելի երիտասարդ էր, սովորում էր Երևանի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 4-րդ կուրսի ուսանող էր, բայց հասցրել էր մի քանի ներկայացումներ բեմադրել, որոնք հաջողություն ունեցան: Այնպես որ, Յուլյան շնորհավորում էր Արմանին հերթական պրեմիերայի առթիվ:
Արմանը և Յուլյան ծանոթացել էին ամռանը` Յալթայում: Մի քանի անգամ հանդիպել էին, զրուցել, զբոսնել... Ինչ-ինչ պատճառներով, սակայն, վերջին հանդիպմանն Արմանը չէր գնացել... Մի քանի օր անց էլ վերադարձել էր Երևան` առանց աղջկան տեղյակ պահելու, անգամ` առանց հրաժեշտ տալու: Նրանք նույնիսկ միմյանց հեռախոսահամարներ չէին փոխանցել: Թվում էր` ծովափնյա կարճատև ծանոթությունն այդպես էլ ավարտվեց:
Մի քանի ամիս անց ռուսական հայտնի սոցիալական կայքում Յուլյան երկար փնտրտուքներից հետո գտնում է Արմանին` իմանալով միայն հայ երիտասարդի անունն ու ուսումնական հաստատությունը: Կապը վերականգնվում է. Յուլյան իսկապես սիրահարված էր Արմանին ու նրա հետ հաղորդակցվելու վիրտուալ տարբերակով, այնուհետև sms-ների միջոցով շփումը նրան հույս էր ներշնչում, թե ամեն ինչ դեռ առջևում է: Նա շատ հաճախ նամակներ ու sms-ներ էր գրում, մինչդեռ Արմանն իրականում լուրջ չէր վերաբերվում իրենց հարաբերություններին: Աղջիկը դուր էր գալիս իրեն, գեղեցիկ էր, կիրթ ու խելացի, հրաշալի մարդ, նման չէր այն ռուս աղջիկներին, ովքեր աչքի են ընկնում իրենց թեթև վարքով:
... Արմանը երկտողը կարդալուց հետո անմիջապես զանգահարեց Յուլյային և շնորհակալություն հայտնեց:
... Ամառային տոթ օր էր: Ներկայացման փորձն ավարտելուց հետո միացրեց բջջային հեռախոսն ու անմիջապես զանգ ստացավ. Յուլյան էր:
- Սիրելի´ս, տոմս եմ գնել, երկուշաբթի գալիս եմ Հայաստան: Դիմավորիր, համբուրում եմ...
Արմանը մի պահ այլայլվեց. «Նա գալիս է, բնականաբար, նրան մեր տուն բերել չեմ կարող: Չեմ պատրաստվում ընտանիքիս հետ ծանոթացնել: Հյուրանոցում համար կպատվիրեմ: Չէ´, ավելի լավ է մայրաքաղաքի կենտրոնում հարմարավետ բնակարան վարձեմ»:
Մինչև երկուշաբթի` Յուլյայի ժամանելը, ամեն բան պատրաստ էր: Մոսկովյան փողոցում վարձակալել էր երկսենյականոց բնակարան` հարամարավետ կահույքով ու տեխնիկայով: Տանեցիներին էլ նախազգուշացրել էր, որ որոշ ժամանակով ընկերոջ ամառանոցում է լինելու:
Օդանավակայանում սպասում էր Յուլյայի ինքնաթիռի վայրէջքին: Ահա և նա. նկատելով Արմանին` վազեց նրա ուղղությամբ, փարվեց ու անդադար համբուրում էր, շատ էր կարոտել:
Ճանապարհին Յուլյան անդադար խոսում էր, միաժամանակ շուրջբոլորը նայում, հարցուփորձ անում Արմանին: Վարձակալած բնակարանը նրան շատ դուր եկավ. Արմանն ամեն ինչ պատրաստել էր ռոմանտիկ ընթրիքի համար: Սեղանի հրաշալի ծաղկեփունջը, գինին և աղանդերը հաճելի երեկո էին խոստանում: Ընթրեցին ու կարոտալի գիշեր անցկացրին: Աղջիկը երջանիկ էր, իսկապես սիրում էր Արմանին, գիտեր, որ նա հրաշալի ամուսին կլինի իր համար:
Տասը օր նրանք միշտ միասին էին: Միասին զբոսնում էին, ծանոթանում քաղաքին: Եղան նաև Գառնիում, Գեղարդում, Սևանում, Նորավանքում... Յուլյային շատ դուր եկավ Հայաստանը, իսկ Արմանն էլ ոչինչ չէր խնայում նրան գոհացնելու համար:
Շարունակությունն` այստեղ
