Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտվել է Բուլղարիային


22:12 , 6 սեպտեմբեր, 2016

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:

Հայաստանի ընտրանին պարտվել է 1:0 հաշվով: ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գոլը խաղի 79-րդ րոպեին խփել է  Յուլիան Նենովը: 

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 

1. Անատոլի Այվազով, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 4. Արամ Շահնազարյան (ա), 5. Հակոբ Հակոբյան, 6. Արմեն Մանուչարյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 10. Վիուլեն Այվազյան (20. Էրիկ Պետրոսյան, 81), 11. Նաիրի Մինասյան (14. Ալեքսանդր Հովհաննիսյան, 74), 18. Ալիկ Առաքելյան, 23. Արտյոմ Սիմոնյան (7. Պետրոս Ավետիսյան, 73), պահեստայիններ` 

22. Արման Մելիքսեթյան,  8. Գոռ Աղբալյան, 13. Համլետ Ասոյան,  15. Գևորգ Խուլոյան

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետխաղյա ասուլիսի հարցերն ու պատասխանները.

- Ձեր կարծիքը խաղի մասին:

 - Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ: Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար:

 -Երկորդ խաղակեսում թիմի մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները:

Ինչ-որ տեղ մեր մարզական բախտը չբերեց, մյուս դրվագում դարպասապահը վստահ խաղաց, կամ վերջին փոխանցումը չստացվեց: Այնպես որ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ ասել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավականին լավ էր, բայց պարտվեցինք:

Պարոն Բարսեղյան, ինչո՞վ էիք առաջնորդվել մեկնարկային կազմն ընտրելիս

Նախ ասեմ, որ այս խաղից առաջ մենք ընկերական հանդիպում անցկացրեցինք իրաքյան թիմի դեմ, և եթե դուք նկատեցիք, այս խաղի կազմը ոչնչով չէր տարբերվում այդ խաղի կազմից: Մի քանի անգամ նայելով խաղը՝  եկա այն համոզման, որ մեկնարկային կազմի տղաները լավ աշխատանք էին տարել այդ խաղին և այս խաղին էր կարդարացնեն սպասելիքները: Անկեղծ լինեմ, այդպես էլ եղավ, բայց, ցավոք, գոլային պահերի չիրացման պատճառով պարտվում ենք մի խաղում, որտեղ պարտվելու իրավունք չունեինք:  

- Խաղաժամանակ չստացավ Գոռ Աղբալյանը, կա՞ ինչ-որ հստակ պատճառ: 

 -Ոչ մի պատճառ չկա; Այս անգամ որոշեցի Ալիկ Հովհաննիսյանին մտցնել խաղադաշտ, հաջորդ անգամ, հնարավոր է, Գոռ Աղբայանին մտցնեմ խաղադաշտ: Մենք ունենք ֆուտբոլիստներ որոնք ընդհանրապես չընդգրկվեցին 18 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, չնայած շնորհալի տղաներ են: 

- Ի՞նչ հետևություններ եք արել այս խաղից:

-Ճիշտն ասած, ես չափազանց դժգոհ եմ մրցաշարային աղյուսակում մեր դիրքից: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք և գոնե վերջին հորիզոնականից խուսափենք: Ես էլ, տղաներն էլ հասկանում ենք, որ դա մեր տեղը չի, և կանենք հնարավորը գոնե այդ խնդիրը լուծելու համար: